ԵԱՏՄ-ն կզարգացնի ինտերնետ-առևտրի համակարգը
Sputnik կենտրոնում Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Նուր–Սուլթան տեսակապի ձևաչափով տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերի նախարար Մաքսատ Մամիտկանովի ճեպազրույցը: Վերջինս անդրադարձել է միության 2022 թվականի նախագծերին, մասնավորապես ԵԱՏՄ տարածքում նավիգացիոն կապարակնիքների, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի վերահսկման համակարգերի ներդրման խնդիրներին:
«2021 թվականի հուլիսի 1-ից է գործարկվել ինտերնետ-առևտրի պիլոտային ծրագիրը: Այդ համակարգի կարևոր գործիքներից մեկը ԵԱՏՄ անդամ պետություններում օպերատորական բազան պետք է լինի: Հենց այդ օպերատորները պետք է ինտերնետ-առևտրի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծեն ու այսպիսով ապահովեն առևտրի այս նոր տեսակի զարգացումը: Միջազգային հանրությունն այս ուղղության վրա հիմա մեծ ուշադրություն է սևեռել: Ինտերնետ-առևտուրը համավարակի շրջանում հսկայական առաջընթաց է գրանցել: Այստեղ կարևորն այն է, որ մենք կարողանանք ապահովել ապրանքների օրինական ներմուծումը ԵԱՏՄ տարածքի ներսում և անխոչընդոտ փոխանցումը սպառողին, որն այս ճանապարհին չպետք է ընդհարվի վերահսկողական գործառույթների հետ: Այս գործընթացի անխափանությունը պետք է ապահովի հենց ինտերնետ-օպերատորը՝ իրականացնելով փաստաթղթային բոլոր աշխատանքները: Այս նախագիծն արդեն աշխատում է, 2022 թվականին մենք այն մանրամասն կվերլուծենք, անհարթությունները կվերացնենք, որպեսզի կարողանանք այն արդյունավետորեն առաջ մղել, իսկ քաղաքացիները կարողանան օգտվել ժամանակակից ու մատչելի այս ծառայությունից»,- նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերի նախարար Մաքսատ Մամիտկանովը:
Կարծիքներ