Երևանի Գևորգ Չաուշի փողոցում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանի Գևորգ Չաուշի փողոցում հունիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«2023 թ․ հունիսի 13-ին՝ ժամը 06։31-ի սահմաններում, Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցում 1982թ․ ծնված, Երևան քաղաքի բնակչի կողմից վարած «Մերսեդես սպրինետեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված վայրում կայանված «Զիլ» մակնիշի վերամբարձ կռունկին։
Դրա հետևանքով «Մերսեդես սպրինետեր»-ի վարորդը, նույն ավտոմեքենայի 7 ուղևորներ ստացել են մարմնական վնասվածքներ և բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի բուժհաստատություններ։
Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։
Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություն։ Վնասվածքներ ստացած անձանց առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ։ Բոլոր ուղևորները ճանաչվել են տուժող։
Պատահարի արդյունքում վնասվածք ստացած անձանցից 5-ը շարունակում են գտնվել բուժհաստատություններում՝ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, իսկ 3 անձ հիվանդանոցից դուրս է գրվել։
Ավտովթարի պատճառները պարզելու նպատակով նշանակվել է նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, տրասնպորտային միջոցների վարորդների գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 13-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 7 պացիենտ:
Կարծիքներ