Մանրամասներ` ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրման վերաբերյալ
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Կառավարության կողմից 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրման մասին մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Մինչ այդ, Նազելի Բաղդասարյանը նշել է, որ տեղահանված անձանց թիվը կազմում է 100 500, Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 107: Այս թվերը մնացել են նույն վերջին թարմացումներից հետո: Ավելացել է հաշվառված անձանց քանակը, որը կազմում է 91 031: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից 59 059-ը օգտվել է պետության կողմից տրամադրվող աջակցության որևէ տեսակից՝ կեցավայր, սնունդ, հիգիենիկ միջոցներ, դեղորայք և այլն:
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ներկայացմամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված չափահաս անձանց 75 տոկոսն ունի քարտեր, որոնք կնույնականացվեն կենտրոնացված տարբերակով:
Աշխատանքը կազմակերպվելու է այնպես, որպեսզի վերջին 15 ամիսների ընթացքում ակտիվ քարտային գործունեություն իրականացրած քարտային հաշիվներին փոխանցվի (անկախ քարտերի ֆիզիկական առկայությանը), որը կլինի տվյալ անձի համար ամենահարմար եղանակը:
Նույնիսկ այն դեպքում, եթե քարտը գործող է, բայց կորսված է, անձը կարող է մոտենալ բանկ և կանխիկով վերցնել հասանելիք գումարը կամ դիմում գրել և վերաթողարկել քարտը:
Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր քարտեր չունեն, ապա նրանք կարող են քարտեր ձեռք բերել անվճար հիմունքներով՝ Հայաստանի բանկերից:
Փաստաթղթեր չունենալու կամ կորսված լինելու պարագայում, անձնագրի տվյալների հիման վրա կենտրոնացված բազայից բանկերի կողմից վեր կհանվեն հանրային ծառայության համարանիշերը և այդ միջոցով քարտեր կթողարկվեն: Քարտերը թողարկվելուց հետո, անձը պարտադիր չէ, որ այդ քարտը ներկայացնի Կառավարությանը, կրկին կենտրոնացված կարգով Կառավարությանը կներկայացվի նոր բացված քարտերի տվյալները և փոխանցումները կիրականացվեն:
Քարտերի տրամադրումը սովորաբար տևում է 2-3 աշխատանքային օր: Անձը կարող է դիմել Հայաստանի բոլոր բանկերին, բացի «Մելլաթ» բանկից և «Ֆասթ» բանկից, քանի որ այս պահին այդ բանկերը քարտային ծառայություններ չեն մատուցում:
Կարծիքներ