Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացման ծրագիր մշակելու հարցը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացման ծրագիր մշակելու հարցը

Հայաստանում բնակարանային ֆոնդի սեյսմակայունության վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում շահագրգիռ կառույցների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ներքին գործերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի և Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, դիտարկվել են Հայաստանում բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացման ծրագիր մշակելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը երկու ուղղությամբ՝ քանդման ենթակա և ուժեղացման ենթակա բնակֆոնդի մասով:

«Մինչ այդ, Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները ներկայացրել են անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման ուղղությամբ կոմիտեի կատարած աշխատանքը և դրա հիմքում դրված սկզբունքները: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդգծել է, որ մեկնարկած նախաձեռնությունները ստեղծում են նախադրյալներ բնակարանային ֆոնդի հիմնախնդրի համակարգային լուծման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ հիմնախնդրի լուծման նպատակով պետք է առաջնորդվել մասնավոր հատվածի ներգրավման սկզբունքով: Միաժամանակ ընդգծվել է ներդրումային ծրագրերը քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համահունչ դիտարկելու անհրաժեշտությունը: Առանձնահատուկ կարևորվել է սեփականատերերի հետ համագործակցությունն ու նրանց պատշաճ իրազեկումը:

Նշվում է, որ որոշվել է հավաքագրել բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացման ծրագրի մշակման ուղղությամբ շահագրգիռ կառույցների առաջարկները և շարունակել աշխատանքային հանդիպումները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում