Երկու հիմնական պատճառ, թե ինչու՞ Ռուսաստանը չի փորձի ուղղակիորեն միջամտել Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին

Երկու հիմնական պատճառ, թե ինչու՞ Ռուսաստանը չի փորձի ուղղակիորեն միջամտել Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին

Բելառուսում ընթացող ժողովրդական անհամաձայնության դրսևորումները օրըստօրե նոր թափ են հավաքում։ ԿԸՀ կողմից նախագահ հռչակված Ալեքսանդր Լուկաշենկոյի դիրքերը շարունակաբար թուլանում են, թեև նա ամենուր հայտարարում է, թե իր հեռանալու մասին խոսք լինել չի կարող։ Այնուամենայնիվ, ներքաղաքական գործընթացը զարգանում է ընդդեմ Լուկաշենկոյի պաշտոնավարման, ինչը ենթադրում է, որ վերջինս կարող է փորձել արտաքին դերակատարների միջոցով երկարաձգել իր իշխանությունը։

1-ին փորձերն արդեն եղել են. Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո բելառուսական պետական հեռուստաընկերությունները հայտարարեցին, թե Վլադիմիր Պուտինը խոստացել է «օգնել լուծելու խնդիրները»։ Սակայն մյուս կողմից ՀԱՊԿ մամուլի քարտուղարը պարզաբանեց, որ Բելառուսը կարող է դիմել օգնության միայն «արտաքին վտանգի դեպքում»։ Կարելի է պնդել, որ Ռուսաստանը որևէ դեպքում բացահայտ կերպով չի փորձի օգնել Լուկաշենկոյին բելառուսյան հեղափոխությունը ճնշելու գործում։ Ռուսաստանի նման վարքագիծն ունի 2 հիմնական պատճառ։

  1. Հեղափոխություններում մասնակցության նախկին փորձը։ Ռուսաստանի կողմից այսպես կոչված «սեփական ազդեցության տարածություն» համարվող աշխարհաքաղաքական տարածությունում հեղափոխական գործընթացները հազվադեպ չեն։ Միայն վերջին 20 տարիներին ցնցումներ են տեղի ունեցել Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ղրղզստանում և այլուր։ Ռուսաստանը տարբեր դեպքերում տարբեր վարքագիծ է դրսևորել, ինչը տարբեր հետևանքներ է ունեցել։ Ուկրաինայի և Վրաստանի դեպքում՝ ավտորիտար լիդերի ակնհայտ պաշտպանության արդյունքում, բորբոքվել են ակնհայտ հակառուսական տրամադրություններ, ինչը հանգեցրել է այդ պետությունների հետ դաշնակցային հարաբերությունների մակարդակի նկատելի նվազման։ Ի տարբերություն այս օրինակների՝ Հայաստանի դեպքում Մոսկվան ձեռնպահ մնաց միջամտությունից, ինչի արդյունքում Հայաստանը աշխարհաքաղաքական առումով շարունակում է պրոռուսական քաղաքականությունը։ Կրեմլում արդեն հասկացել են, որ ավտորիտար ռեժիմներին աջակցություն ցույց տալով կարող են կորցնել շատ ավելին և այլևս չեն ցանկանում խաղալ  «կամ ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով։
  2. Դաշնակցային հարաբերությունների բնույթի փոփոխությունը։ Ընդամենը օրեր առաջ ՀՀ վարչապետը ռուսական РБК լրատվականին կարևորագույն հայտարարություն արեց՝ «Ռուսաստանի դաշնակիցը թչ թե անհատներն են, այլ հայ ժողովուրդն է, քանի որ մեր ժողովուրդներն ունեն ընդհանուր շահեր»։ Ահա այս կոնցեպտը, ինչպես երևում է, Մոսկվայում մանրամասն վերլուծել են և եկել այն եզրակացության, որ «իրենց ազդեցության տարածության» պետություններում շատ ավելի հեռանկարային է համագործակցության մշակույթ սերմանել ժողովուրդների ընդհանուր շահերի հիմքով, քան ավտորիտար առաջնորդին սիրաշահելով (ինչը տեղի էր ունենում վերջին տասնամյակներում)։ Իսկ այն, որ Բելառուսի և Ռուսաստանի ժողովորդին միավորում է ընդհանուր շահը, հնարավոր է դարձնում աշխատել ցանկացած իշխանության հետ։

Որպես ամփոփում պետք է նշել, որ Բելառուսի իրադարձությունների հնարավոր զարգացումներին Ռուսաստանը շատ ուշադիր է հետևում։ Սակայն ուղղակի միջամտություն գործընթացներին կարող է հանդես բերել բացառապես այն դեպքում, եթե արտաքին ազդեցության և աշխարհաքաղաքական կուրսի փոփոխության ակնհայտ վտանգ առաջանա, որի հավանականությունն աննշան է։

                                 Ռոբբերտ Ղևոնդյան

             

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում