Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը դեռեւս դեկտեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի կողմից «լիազորված» բողոքի ակցիա էր իրականացնում:
Ղազինյանը հայտարարել էր, որ աներկբա հիմքեր կան, որոնք վկայում են, որ Հայաստանում տեղի է ունեցել պատմական աննախադեպ դավաճանություն, եւ պետք է անհապաղ հարուցվի քրեական գործ, ու իրականացվի բաց քննություն:
Իսկ մինչեւ այս՝ դեկտեմբերի 12-ին, Ղազինյանը հայտարարել էր, թե ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: «Այս քրեական գործով հրավիրված լինելով որպես վկա՝ ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանի եւ մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված պետական դավաճանության անհերքելի փաստեր, որոնց համալիր ստուգման արդյունքում Նիկոլ Փաշինյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ձերբակալությունն ու կալանքը այլեւս ժամանակի հարց է»,- հայտարարել էր Ղազինյանը:
Բայց նրա այս հայտարարությունը հերքեցին ինչպես ՀՔԾ-ից, այնպես էլ դատախազությունից՝ սառը ապտակ հասցնելով:
Ու անհասկանալի մնաց, թե Ղազինյանը որ գործով, որտեղ եւ ինչ կարգավիճակով է հրավիրված եղել փաստեր փոխանցելու, որից հետո պետք է շատերը արդեն կալանավորված լինեին: Ինչեւէ, արդեն տարեմուտին դատախազության մոտ էին հավաքվել իրավաբանները եւ պահանջում էին հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:
Դավթյանը համաձայնել էր, ու Արա Զոհրաբյանը, Արթուր Ղազինյանը եւ Արամ Վարդեւանյանը գնացել էին դատախազի հետ հանդիպման: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երբ Դավթյանի մոտ են մտել, վերջինս Ղազինյանին կեսկատակ նետել է. «Արթո՛ւր, դու իմ հետ հանդիպելու համար ռուպրով պիտի միտինգ անե՞ս: Ե՞րբ ես ուզել հանդիպել ինձ հետ, ես չեմ ընդունել, հիմա էլ միտինգներ ես կազմակերպում, որ բարձրանաս մոտս»:
Նշենք, որ Դավթյանն ու Ղազինյանը համակուրսեցիներ են եղել, իրար լավ են ճանաչում, դրա համար դատախազը թույլ է տվել նախատել Ղազինյանին: Իսկ ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե դատախազը համաձայնել է կալանավորել Փաշինյանին, ապա, ըստ մեր աղբյուրների, նման բան դատախազ Դավթյանը չի ասել, այլ ընդամենը նշել է, որ ցանկացած հանցանքի դեպքով պատրաստ է գործ հարուցել, եթե իրեն տրվեն իրավական անհերքելի փաստեր:
Մանրամասները՝ armlur.am-ում:
Կարծիքներ