Կանադայի վարչապետը գնահատական չի տվել Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն նախորդ շաբաթվա վերջին Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է երկրի ներքին գործ և գնահատական չի տվել դրանց։
«Կարծում եմ՝ շատերը հարցեր ունեն այն մասին, թե դա իրականում ինչ է նշանակում: Մենք դեռ շատ պատասխաններ չունենք, և կան բազմաթիվ շահարկումներ, որոնք կարող են արդյունավետ չլինել»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին Տրյուդոն ասել է լրագրողների հետ հանդիպմանը:
Նա հավելել է. «Ակնհայտ է, որ դա Ռուսաստանի ներքին գործն է»:
Տրյուդոն նաև չի գնահատել, թե դա ինչպես կարող է ազդել ուկրաինական հակամարտության վրա, սակայն վստահեցրել է, որ Կանադան կշարունակի աջակցել Կիևին։
Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։
Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։
Կարծիքներ