ՊԵԿ-ը կատարելագործում է իրազեկման միջոցները

ՊԵԿ-ը կատարելագործում է իրազեկման միջոցները

Քաղաքացիների կողմից առավել հաճախ տրվող հարցերին պատասխանելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են իրազեկման թերթիկներ։ Դրանց պատրաստման և հրապարակման կարգը սահմանվել է ՊԵԿ նախագահի 2020 թվականի հունիսի 18-ի N 556-Ա հրամանը հրամանով։ Հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Թերթիկների տեղեկատվությունը կարող է օգնել հարկ վճարողին որևէ գործարք կատարելիս, երբ ցանկանում է համոզվել` արդյոք ճիշտ է ընկալել օրենքների դրույթները: ՊԵԿ-ի անունից հրապարակված թերթիկն արտահայտում է տվյալ հարցի վերաբերյալ կոմիտեի դիրքորոշումը: 

Կոմիտեի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել են շուրջ 200 իրազեկման թերթիկ, և այդ թիվը պարբերաբար ավելանում է։

Petekamutner.am կայքի այս բաժնից արդեն օգտվել է շուրջ 160000 մարդ։

Տնտեսվարողների արդյունավետ իրազեկման նպատակով ստեղծվել են նաև զբոսաշրջության ոլորտի և առևտրական գործունեության ուղեցույցներ: Դիտումների վիճակագրությունը փաստում է դրանց օգտակարության մասին։ Հարկային օրենսդրությունից բացի, այստեղ ամբողջացված է նաև ոլորտային ընդհանուր տեղեկատվություն` բիզնես գաղափարներ ունեցողներին աջակցելու համար: Կոմիտեի կայքում հրապարակելուց բացի, հարկ վճարողներին ուղեցույցների մասին ծանուցվել է նաև  հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում` wiki.taxservice.am բաժնում, առկա են նաև  տարբեր հարկատեսակների վերաբերյալ ուղեցույցներ՝ շահութահարկ, ավելացված արժեքի հարկ և շրջանառության հարկ, և այդ ուղեցույցների խմբագրման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Կայքի տվյալ բաժնում արդեն առկա է շահութահարկի ուղեցույցի հարկային օրենսգրքի 2021 թվականի մարտի 31-ի դրությամբ գործող խմբագրությամբ տարբերակը։

Հարկային կարգավորումներն ուղեցույցներում ներկայացված են մատչելի եղանակով` գործնական օրինակներով, հարկերի հաշվարկման բանաձևերով և իրավական ակտերի հղումներով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում