Կապահովվի 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների ֆունկցիոնալ պրոթեզավորումը
Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների ֆունկցիոնալ պրոթեզավորումն ապահովելու նպատակով։
Որոշման ընդունումը բխում է ՀՀ վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի 5-րդ կետի պահանջներից, ըստ որի 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման գործընթացի պատշաճ կազմակերպումը ՀՀ Կառավարության գործունեության առաջնահերթություններից է։
Հիմնավորման համաձայն՝ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորման հետևանքով ստորին և վերին վերջույթների ամպուտացիաներ ունեցող զինվորների պրոթեզավորման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը Զինվորի տանը որպես նվիրատվություն տրամադրել է պրոթեզավորման համար անհրաժեշտ նյութեր, վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օժանդակ պարագաներ և այլ նյութեր։
Զինվորի տան կողմից իրականացված պրոթեզների պատրաստման, տեղադրման, ընթացիկ սպասարկման, նորոգման ծառայությունները մինչև 2022 թ. հունվարի 31-ը ֆինանսավորվել են բարերարների աջակցությամբ։ Սակայն այսօր ֆինանսական ֆոնդը սպառված է, ներկա դրությամբ 38 վիրավոր զինվորների 41 ստորին վերջույթների պրոթեզավորումն ավարտին հասցնելու նպատակով անհրաժեշտ են նյութեր՝ ընդամենը 13,530,0 հազար դրամ արժեքով:
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ անապահով ընտանիքների համար սոցիալական աջակցության ծրագրերի մատչելիությունն ապահովելու և գործող ընթացակարգերը պարզեցնելու նպատակով: Ըստ այդմ՝ առաջարկվում է դյուրինացնել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների և ավանդների փոխհատուցման կանխիկ վճարումների իրականացման գործընթացը՝ թղթային ցուցակներն էլեկտրոնայինով փոխարինելու միջոցով:
Նախատեսվում է սահմանել համապատասխան իրավակարգավորումներ՝ անապահով ընտանիքների համար խմելու ջրի ոլորտում նույնպես հնարավորինս նվազ սակագներ կիրառելու համար տեղեկատվության փոխանակման գործընթացների ապահովման համար: Առաջարկվում է վերանայել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմը:
Կարծիքներ