Երևանում միաժամանակ անցկացվում են «ՍոլիդԱրտ» և «Հիշողության կերպարանքներ» սեմինարները

Երևանում միաժամանակ անցկացվում են «ՍոլիդԱրտ» և «Հիշողության կերպարանքներ» սեմինարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ հունիսի 22-26-ը Երևանում միաժամանակ անցկացվում են միջազգային ««ՍոլիդԱրտ». ժամանակակից արվեստ, հանրային կառավարում» և «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» սեմինարները։

Միասնական սեմինարին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի Հանրապետության ներկայացուցիչներ: Նրանք հանդես կգան զեկույցներով, տեղի կունենան հարց ու պատասխան, կլոր-սեղան քննարկումներ:

Հունիսի 22-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում կայացել է միջոցառման բացման արարողությունը, որի ընթացքում հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Հիշողության կերպարանքներ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Մուրադյանը, «ՍոլիդԱրտ» ծրագրի ղեկավար Մելիքսեթ Կարապետյանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հպարտությամբ նշել է, որ Հայաստանում իրականացվում են այնպիսի միջազգային նախագծեր, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանում: Այս համատեքստում Արա Խզմալյանն անդրադարձել է «Հիշողության կերպարանքներ» սեմինարին՝ ընդգծելով, որ այն անցկացվում է արդեն 11 տարի շարունակ. «Այն կայացած ու հաստատված նախագիծ է, համախմբում է տարբեր երկրների կազմակերպությունների՝ գրադարանների, թանգարանների, վերականգնման կենտրոնների մասնագետների՝ լայն հարթակ ձևավորելով մասնագիտական քննարկման, խնդիրների արծարծման համար: Մատենադարանը ձեռագրերի վերականգնման երկարամյա փորձ ունի, և մենք տեսանք, որ այս իմաստով աշխարհին շատ բան ունենք ասելու, փորձ ունենք փոխանցելու: Փորձի փոխանակման միջոցով կատարելագործում ենք նաև մեր մասնագետների գիտելիքները»,- շեշտել է Արա Խզմալյանը:

Խոսելով «ՍոլիդԱրտ» սեմինարի մասին՝ փոխնախարարը նշել է, որ այն համախմբում է կինոլորտի ներկայացուցիչներին: Ըստ Խզմալյանի՝ կազմակերպիչների առաջ քաշած խնդիրները չափազանց կարևոր են կինոքաղաքականության մշակման առումով:

«Ինչպե՞ս ենք սինխրոնիզացնում օրենսդրական դաշտը, ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր խթանել համատեղ կինոարտադրությունը: Սեմինարի կարևորագույն բաղադրիչը կինոժառանգության պահպանման խնդիրն է, որն առջանային է տարբեր երկրների համար: Խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլև թվային վերականգնման մասին է»,- ասել է նախարարի տեղակալը՝ հիշեցնելով, որ 2023 թվականին լրանում է հայ կինոյի 100-ամյա հոբելյանը, չի բացառվում, որ սեմինարը 2023-ին հոբելյանական ծրագրի մաս դառնա:

Տեսաուղերձով սեմինարի մասնակիցներին ողջունել է Ռուսաստանի պետական ​​գրադարանի գլխավոր տնօրեն Վ. Վ. Դուդան՝ կարևորելով մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված այս հարթակը, որը հնարավորություն է ընձեռնում փորձի փոխանակման և լայն քննարկումների միջոցով պահպանելու ձեռագիր և տպագիր ժառանգությունը: Գրադարանի գլխավոր տնօրենը սեմինարի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:

«Հիշողության կերպարանքներ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Մուրադյանը տեղեկացել է, որ տարիների ընթացքում Հայաստանը մասնակից պետություններից հյուրընկալել է ավելի քան 130 կառույցների. «Սեմինարին մասնակցել են վերականգնողներ, գրադարանային գործի, թանգարանների աշխատակիցներ և այլք: Նախաձեռնությունը միտված է ԱՊՀ տարածքում մասնագետների փորձի փոխանակմանը: Եղել են մասնակիցներ Եվրոպայից, ԱՄՆ-ից: Ուրախ ենք, որ Հայաստանում ստեղծվել է հարթակ, որտեղ մի շարք պետությունների մասնագետներ ներկայացնում են իրենց հաջողությունների փորձը»:

Մուրադյանը հավաստիացրել է, որ ամեն սեմինարի ավարտից հետո դրական արձագանքներ են ստանում, և մասնակիցները հույս են հայտնում, որ նախաձեռնությունը շարունակական կլինի:

«ՍոլիդԱրտ» ծրագրի ղեկավար Մելիքսեթ Կարապետյանն էլ ընդգծել է, որ սեմինարն ուղղված է կինոլորտում համատեղ արտադրության և ֆիլմերի տարածման մեխանիզմների ուսումնասիրմանը, անիմացիոն ֆիլմերի զարգացմանը, մասնակից երկրների համագործակցության ընդլայնմանը, կինոժառանգության պահպանման խնդիրներին:

«Խորհրդային Միության փլուզումից հետո միության կազմում ընդգրկված երկրները կինոարվեստում գնացին իրենց ճանապարհով: Հետադարձ հայացքով հիմա համոզվում են, որ համատեղ արտադրությունները, ստեղծագործական միասնական աշխատանքն ավելի արդյունավետ է: Նախորդ տարի անցկացրինք առաջին սեմինարը: Այս տարի կան հյուրեր 26 երկրներից՝ Ղազախստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ռուսաստանից և այլն: Նմանօրինակ սեմինարները լավ առիթ են պետականորեն մտածելու, թե ինչ է պետք փոխել և ինչպես ընդլայնել դաշտը»,- ընդգծել է նա:

Նշենք, որ ««ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ, հանրային կառավարում» միջազգային սեմինարն ուղղված է կինոլորտում համատեղ արտադրության և ֆիլմերի տարածման մեխանիզմների ուսումնասիրմանը, անիմացիոն ֆիլմերի զարգացմանն ու մասնակից երկրների համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև այդ երկրներում կինոժառանգության պահպանության խնդիրներին:

«Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» սեմինարը մասնագետների կատարելագործման յուրատեսակ հարթակ է, որը հնարավորություն է տալիս իրականացնելու փորձի և գիտելիքի փոխանակում վերականգնման, արխիվացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Սեմինարների կազմակերպիչներն են «Օրացույց» գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում և «Ազգային ստեղծարար միավորում» ՀԿ-ները:

Երկու սեմինարների ծրագրերը կունենան ընդհանուր միջոցառումներ՝ հնարավորություն ստեղծելով մասնագետներին քննարկելու կինոժառանգության պահպանության հարցում մասնակից երկրների համագործակցության փորձն ու հեռանկարները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում