Արցախի որ գյուղերն են ապահովված բնական գազով

Արցախի որ գյուղերն են ապահովված բնական գազով

«Արցախգազ» ՓԲԸ Մարտունու արտադրաշահագործման տեղամասի պետ Սասուն Սևիկյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 20-ի դրությամբ Ղ.Ճարտար, Սոս, Մաճկալաշեն, Քերթ, Քարահունջ, Խնուշինակ, Գիշի, Սպիտակաշեն, Եմիշճան, Մյուրիշեն, Աշան, Բերդաշեն, Նորշեն, Հացի բնակավայրերը լրիվությամբ ապահովված են բնական գազով: Գ.Ճարտարում աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն ամենաուշը մինչև երկուշաբթի: Մարտունի քաղաքում առայժմ շարունակվում են վերականգնողական աշխատանքները: Լրիվությամբ գազաֆիկացված են Ուլուբաբյան փողոցը, Խաչատրյան փողոցի վերևի հատվածը, Պ.Սևակ փողոցը, Ն.Ստեփանյան փողոցը, Նոր թաղամասի բազմաբնակարան շենքերը, ընդհանուր թվով՝ մոտ 350 բնակարան, մնացած փողոցներում շարունակվում են գազատարների վերանորոգման և վերականգնման աշխատանքները: Այն բնակարանները, որտեղ առայժմ չեն բնակվում, անվտանգությունից ելնելով, փակվել են գազատարների հաշվիչների փականները: Խնդրվում է բնակիչներին՝ վերադառնալով՝ դիմել տեղամասի մասնագետներին, որպեսզի շարունակեն օգտվել գազամատակարարումից: Առայժմ այս ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում Կարմիր շուկա, Թաղավարդ և Սարգսաշեն գյուղերում: Մարտունի քաղաքում իրականացվող աշխատանքների ավարտից հետո աշխատանքներ կիրականացվեն նաև նշված համայնքներում:

Ս.Սևիկյանը նշեց նաև, որ ունեն մասնագետների կարիք: Աշխատում են «Վարանդաշին» ՓԲ ընկերության մասնագետների հետ համատեղ: Հավելեց, որ ամեն ինչ արվում է բնակչության հնարավորինս շուտ բնական գազից օգտվելու, հուսալի գազամատակարարում ապահովելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում