ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Նավալնիի թունավորման մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը հայտնել «Նովիչոկ»-ի ամբողջ արտադրական ծրագիրը և միանալ Ալեքսեյ Նավալնիի թունավորման վերաբերյալ միջազգային հետաքննությանը: Այս մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, հեռարձակումն իրականացվել է դաշինքի կայքում՝ գրում է tvrain.ru-ն:
Նա հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կասկած չունի, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ»-ից:
«Գերմանիան դաշնակիցներին տեղեկացրել է հատուկ լաբորատորիայի հետազոտության արդյունքների մասին: Նրանք ապացուցում են, որ, անկասկած, պարոն Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյարդաախտահարիչ նյութից», – ասել է Ստոլտենբերգը:
Նրա կարծիքով՝ Նավալնիի թունավորումը «միջազգային իրավունքի լուրջ խախտում է», ինչը «պահանջում է միջազգային արձագանք»: Ինչպիսին կլինի այս արձագանքը՝ Ստոլտենբերգը դժվարացել է պատասխանել:
«Մենք տեսնում ենք, որ ընդդիմության առաջնորդների, Ռուսաստանի ռեժիմի քննադատողների հանդեպ մահափորձ է կատարվում, և նրանց կյանքին վտանգ է սպառնում: Ոմանք նույնիսկ սպանվեցին: Սա պարզապես հարձակում չէ մեկ անձի վրա, սա հարձակում է հիմնական ժողովրդավարական իրավունքների վրա: Սա միջազգային իրավունքի լուրջ խախտում է, որը միջազգային հանրության կողմից պատասխան է պահանջում », – ասել է Ստոլտենբերգը:
Կարծիքներ