Ինչպես էին 60 օրում պատրաստվում տալ Մեղրին և ինչ կապ ուներ Շուշին
Վերջին շրջանում հասկանալիորեն շատ է քննարկվում Մեղրիի թեման ու սոցցանցերում կրկին շրջանառվում է այն փաստաթուղթը, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ Ռոբերտ Քոչարյանը քննարկման է դրել Անվտանգության խորհրդի նիստում: Ըստ այդ փաստաթղթի՝ Մեղրին պետք է փոխանցվեր Ադրբեջանին՝ Ղարաբաղի դիմաց: 1in.am-ը առանձնացրել է մի քանի կարևոր կետեր այդ համաձայնագրից:
Այդ համաձայնագրի 1-ին հոդվածում ասվում էր՝
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը։ Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը (1988թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը։Համաձայնագրի 4-րդ հոդվածում ասվում էր՝
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հայաստանն սկսում է իրականացնել իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի եւ Ղազախի շրջանները։ Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում։
Իսկ 5-րդ հոդվածում ասվում էր՝
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության եւ ներկայումս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի եւ Շահումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ եւ կամավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Այդ տեղափոխությունը պետք է ավարտվի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում։
Ուշագրավ է փաստաթղթում եղած հետևյալ նախադասությունը. «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը»:
Սա վկայում է այ մասին, որ Շուշին բանակցային սեղանին դիտարկվել է որպես մի տարածք, որ դրվում է ադրբեջանական 7 շրջանների ցանկում, հակառակ դեպքում դա չէր դիտարկվի Լեռնային Ղարաբաղից առանձին, եւ չէր դրվի Լաչինի միջանցքի հետ նույն շարքում:
Ստացվում է, որ Շուշիի թեման միշտ է եղել խնդրահարույց և դեռևս 1999թվականից եղել է բանակցությունների քննարկման առարկա։
Լուսանկարը՝ Photolure-ի
Կարծիքներ