Ճապոնիայում ամենավտանգավոր յակուձա խմբավորումներից մեկի ղեկավարը մահապատժի է դատապարտվել
Հարավարեւմտյան Ֆուկուոկա քաղաքի շրջանային դատարանը երեքշաբթի մահապատժի է դատապարտել գանգստերների «Կուդոկայ» սինդիկատի՝ յակուձա խմբավորման առաջնորդին, որը պաշտոնապես ճանաչվել է« հատկապես վտանգավոր», հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով NHK-ին:
Դատապարտյալը 2014 թ. ձերբակալված 74-ամյա Սատորու Նոմուրան է։ Նա մեղադրվում էր 1998 թվականին Կիտակյուշու քաղաքում ձկնորսական կոոպերատիվի ղեկավարի սպանության եւ ոստիկանության ծառայողների վրա հարձակման համար: Նոմուրան իրեն մեղավոր չի ճանաչել, նրա փաստաբանները նույնն են պնդել:
«Կուդոկայ» խմբավորումը, նախքան 2014-ին ոստիկանության կողմից չեզոքացվելը, միավորել է մոտ 950 պրոֆեսիոնալ գանգստերների: 2009-2013 թվականներին այն ներգրավված էր գրեթե 50 միջադեպերի մեջ, որոնք կապված էին ռեյդերի եւ շորթման հետ: Դրանցից մեկի ժամանակ ավազակները ձեռքի նռնակ էին նետել գիշերային ակումբ, որի սեփականատերը ժամանցի աշխարհում հանցագործների ազդեցությունն արմատախիլ անող շարժման ակտիվիստ էր, 13 մարդ վիրավորվել էր:
Ճապոնիայում կազմակերպված հանցավոր խմբերի թիվը երկար տարիներ անընդմեջ նվազում է եւ այժմ դրանցում ներգրավված է մոտ 26 000 մարդ: Ոստիկանությունը կարծում է, որ յակուզայի թվի նվազումը պայմանավորված է կազմակերպված հանցավորության վրա ճնշումների մշտական արշավով, ինչպես նաեւ այն դժվարություններով, որոնց նրանք բախվում են ֆինանսական միջոցներ հայթայթելիս:
Կարծիքներ