Կայացել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը.ԿԳՄՍՆ
Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի «Ֆետիսով-Արենայում» այսօր կայացել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Բացման արարողությանը մասնակցել են նաև ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինը, ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը և բարձրաստիճան այլ անձինք:
Պաշտոնական հատվածին հաջորդել են Խաղերի մասնակից 13 երկրների անվանական ներկայացումը և դրոշներով շքերթը: Հայաստանի դրոշակակիրը Եվրոպայի սամբոյի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր Ռոբերտ Սիմոնյանն էր:
Արդեն այսօր մեկնարկում է նաև մրցումային ծրագիրը: Առաջին մեդալները կշնորհվեն հուլիսի 29-ին՝ լողորդներին, իսկ հուլիսի 30-ին՝ լողորդներին և գեղարվեստական մարմնամարզության ներկայացուցիչներին:
Այսօր առավոտյան ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինն ընդունել է Մարզական խաղերի մասնակից բոլոր 13 երկրների պատվիրակությունների ղեկավարներին և սպորտի ոլորտի պատասխանատուներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ սա հիանալի միջոցառում է պատանիների համար՝ ծանոթանալու, մրցելու և իրենց ապագա մրցակիցներին ճանաչելու համար. «Եթե նախորդ Խաղերին Հայաստանը սիմվոլիկ մասնակցություն է ունեցել՝ ընդամենը մեկ հրաձիգով, ապա այս տարի արդեն 22 մարզիկով ենք մասնակցում և հաղթանակների մեծ ակնկալիքներ ունենք: Մեզ համար սա իսկապես կարևոր միջոցառում է»:
Հայաստանի պատվիրակները երեկ մասնակցել են նաև մարզական ավանի բացման արարողությանը:
Մարզական խաղերին 13-16 տարեկան ավելի քան 1300 մարզիկ կմասնակցի Հայաստանից, Աֆղանստանից, Հնդկաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Թաիլանդից, Ղազախստանից, Պակիստանից և Լիբանանից: 19 մարզաձևերում կխաղարկվի մեդալային 273 հավաքածու:
«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերը կանցկացվեն հուլիսի 28-ից օգոստոսի 8-ը Վլադիվոստոկում:
Կարծիքներ