Ձեր կորած նասկիներն առանց փնթփնթալու ման կգանք, դաժե ձեր տապըչկեքը կբերենք, դուք կարևորը հաղթեք ու եկեք

Ձեր կորած նասկիներն առանց փնթփնթալու ման կգանք, դաժե ձեր տապըչկեքը կբերենք, դուք կարևորը հաղթեք ու եկեք

Պատերազմից ոչ ոք երբեք հետ չի գալիս։

Էս պատերազմն էլ կանցնի, կկորցնենք շատերին՝ հարազատ, ընկեր, ծանոթ։ Կլինեն շատերը, որոնք կկորցնեն ամեն ինչ՝ ամենաթանկը, որ ունեին՝ որդի, հայր, ամուսին։

Իմ տարիքի շատ աղջիկներ երեխան գրկներին կայրիանան, շատերը էդպես էլ սիրած տղային չեն ասի, որ սիրում են, շատերը չեն էլ ամուսնանա։

Առաջնագիծը պինդ ա՝ շատ պինդ, որովհետև տղերքը գիտեն՝ ինչի համար են զոհում իրենց, թիկունքն ա թույլ։ Իրական պատերազմը թիկունքում ա՝ հույսով, սպասումով, աղոթքով, հաճախ չարդարացված... Թիկունքն ա փխրուն, որովհետև առաջնագծում տղերքը թիկունքի մասին մի բան են մտածում՝ ոչ մի դեպքում չթողնել, որ դա էլ ճակատ դառնա, իսկ թիկունքը տառապում ա, ճաք ա տալիս ամեն զոհի հետ, մրմռում ա ամեն վիրավորի վերքի հետ։

Ճակատում ավելի վեհ արժեքներ կան. կյանք՝ կյանքի համար, երբ քեզ լրիվ անծանոթ տղան կյանքն ա տալիս ոչ միայն իր ընտանիքի ու ընկերների, տան ու ունեցվածքի համար, երբ անծանոթ զինվորը պատրաստ ա իր կյանքի գնով քո կյանքը փրկել ու իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ ով ես, ինչ ես աշխատում, ինչքան ա աշխատավարձդ, ինչ քաղաքական հայացքներ ունես, ինչամետ ես, ինչ ապրած ունես։ Իսկ թիկունքը մտածում ա...մտածում ա բաներ, որոնք մտածել պետք չի։ Որովհետև ճակատում տղերքը կռվում են բոլորիս համար, իսկ թիկունքում միայն ամենաթանկը կորցրածը գիտի, թե խաղաղության, ազատության, հայրենիքի ու բոլորի համար ինչքան թանկ ա վճարել։

Պատերազմն ամենադաժան արհավիրքն ա ու էս մարդածին աղետը չափից շատ անմարդկային ա։ Պատերազմից ոչ ոք չի վերադառնում, որովհետև ով էլ վերադառնում ա, ինքն իրեն թողած ա լինում ճակատում, որովհետև թիկունքում պատերազմը չի ավարտվում, չի հանդարտվում ու ավելի դաժան ա, երբ հատակին ընկնող կաթսայի ձայնը, դարակի աղմուկով փակվելը, հրավառությունը, վախը, վատ երազները, կուտակված անվադողերը, տաք ծածկոցն անգամ ու տաք ճաշը, որի մասին պատերազմի ժամանակ երազում էին, բայց չէին ուտում, շուրջն ամեն ինչ իրենց պատերազմն ա հիշեցնելու, որոնցից շատերը չեկան ու որոնց չգալու վկան եղել են իրենք...

Պատերազմից հետո Եռաբլուրն ավելի կընդարձակվի, իսկ ինքը մեր հպարտությունն ու միշտ արնահոսող վերքն ա։ Ամենուր թարմ գերեզմանաթմբեր կլինեն, շատերն էդպես էլ գերեզման չեն ունենա, ու իրենք միշտ կմնան սպասված։

Պատերազմից հետո պիտի ավելի ուշադիր ու հոգատար լինենք իրար հանդեպ, որովհետև ճակատում տղերքն աննկարագրելի ու հաճախ էդպես էլ մարտի դաշտում թողնվող սխրանքներ են գործում անխտիր բոլորիս համար, իսկ թիկունքում կորստի ամենադաժան ցավն ու վիշտը կոնկրետ հասցեատերեր ունեն։

Ուղղակի ասեք առաջնագծի տղերքին, որ իրենք ամենաթանկն ու կարևորն են, որ թիկունքում բոլոր երազանքներն իրենց հետ են կապված, ու իրենք չպիտի թողնեն, որ մեր երազանքներն անկատար մնան։

#ՀԱՂԹԵԼՈւԵՆՔ, էնքան Սնիկերս ենք ուտելու, որ շաքար ստանանք, դաժե ձեր կորած նասկիներն առանց փնթփնթալու ման կգանք, դաժե ձեր տապըչկեքը կբերենք, դուք կարևորը հաղթեք ու եկեք:

Գոհար Պետրոսյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում