Հակաբիոտիկներ և կորոնավիրուս. մասնագետները մտահոգիչ միտումներ են նկատում
Հայաստանում COVID-19 համավարակի պայմաններում հակաբիոտիկների ոչ պատշաճ նշանակման և չարաշահման միտում է արձանագրվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, «Կարդիոմեդ» ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Սամվել Հայրումյանը նշեց, որ այդ միտումները շատ անհանգստացնող են, նկատվում է հակաբիոտիկների գերնշանակում:
«Երբ հիվանդը գնում է թոքերը ստուգելու ու պարզվում է, որ թոքաբորբ կա, ապա միանգամից հակաբիոտիկ է նշանակվում: Այսօր ցանկացած բժիշկ կորոնավիրուսային հիվանդություն է բուժում, միանգամից վախեցնում են հիվանդին, թե քեզ անպայման բուժումներ են պետք ու անպայման հակաբիոտիկներ են նշանակում: Ցավոք սրտի, ռենտգենոգրաֆիայի կաբինետի բժիշկներից սկսած վերջացրած թերապևտիկ բաժանմունքների բիշկներից, ըստ երևույթին, լավ ծանոթ չեն անհրաժեշտ ուղեցույցին: Դրանից բացի, էլ չեմ ասում նաև այն, որ հիվանդներն են սկսում, թե մեր բարեկամին հակաբիոտիկներ են նշանակել, և նա լավացել է»,-ասաց Սամվել Հայրումյանը: Իսկ այդ ուղեցույցը դեռ ընթացիկ տարվա հունիսի 11-ին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հրապարակվել է, որը կորոնավիրուսային վարակների դեպքում արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման մասին է: Այդ ուղեցույցում հստակ նշված է, որ վիճակագրական տվյալների համաձայն, կորոնավիրուսային թոքաբորբերի 92 տոկոսի դեպքում առկա է վիրուսային ծագում, միայն 8 տոկոսի դեպքում՝ բակտերիալ:
«Զգալի աշխատանքներ կատարվեցին իրազեկման գծով, սակայն տեսնում ենք, որ կան բժիշկներ, որոնք հենց սկզբից հակաբիոտիկներ են նշանակում: Այնինչ, ուղեցույցում հստակ նշված է, թե ինչ չափանիշներ կան, երբ պետք է նշանակել հակաբիոտիկ: Օրինակ, երբ հիվանդը երկու օր և ավելի ունենում է 38 և բարձր ջերմություն, այնուհետև օգնության են գալիս արյան անալիզները՝ արյան լեյկոցիտների, նեյտրոֆիլների բարձր թվով, երբ տեսնում ենք, որ թոքաբորբի օջախը մեծ է: Այդ ամենը համադրելով՝ նոր բժիշկը որոշում է հակաբիոտիկներ նշանակել»,-ասաց մասնագետը:
Այդ դեպքում ինչի՞ հետևանք է որոշ բժիշկների նման մոտեցումը: Միգուցե առաջնային որոշ օղակներ գերծանրաբեռնվածությունից ելնելով չե՞ն կարողացել անհատական մոտեցում ցուցաբերել: Հարցին ի պատասպան Սամվել Հայրումյանը նշեց, որ ծանրաբեռնվածությունը խնդիր չէ: Ինքը նույնպես ինչ-որ մի շրջանում գերծանրաբեռնված է աշխատել, և դա պատճառ չէ շատերին հակաբիոտիկներ նշանակելու: Պարզապես պետք է տեղեկացված լինել, մանավանդ, որ այդ ուղեցույցն ուղարկվել է բոլոր առաջնային օղակների տնօրեններին:
Մասնագետն ընդգծեց, որ խնդիրը լուրջ է: Վաղուց նոր խմբի հակաբիոտիկներ չեն ստեղծվել, և եղած հակաբիտոիկների չարաշահման պարագայում միկրոբները ձեռք են բերում կայունություն: Իրականում, երբ արդեն պետք կլինի հակաբիոտիկների նշանակում, արդեն դրանք, կարող են չօգնել: Այսինքն, ըստ մասնագետի, հիմա ոչ թե պետք է գերնշանակում կատարել, այլ մտածել ապագայի մասին:
Սամվել Հայրումյանն անհրաժեշտ է համարում լայն իրազեկում կատարել՝ ուղղված ինչպես բժիշկներին, այնպես էլ հանրության լայն շրջանակին: Մարդիկ պետք է իրազեկված լինեն, թե կոոնորավիրուսի դեպքում որն է հակաբիոտիկների դերը, որ դրանք կանխարգելիչ բնույթ չունեն: Մշակվել են նոր ուղեցույցներ, շուտով կներկայացվի բժիշկներին, կանցկացվեն նաև առցանց դասընթացներ:
Աննա Գզիրյան
Կարծիքներ