Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հերքել է «ՔՊ»-ի՝ հաշվետվության չներկայացման մասին պնդումները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարություն է տարածել «Հրապարակ» օրաթերթում 2025 թվականի հոկտեմբերի 4-ին հրապարակված՝ «ՔՊ-ն չի ներկայացրել 2023 թվականի հաշվետվությունը» վերտառությամբ հոդվածում կատարված պնդումների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։
«Հանձնաժողովը հայտնում է, որ 2023 հաշվետու տարվա համար կուսակցությունների տարեկան հաշվետվությունների՝ Հանձնաժողովի պաշտոնական կայքում պարտադիր հրապարակման պահանջ օրենսդրությամբ նախատեսված չի եղել, իսկ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում կատարված համապատասխան փոփոխությունը, որով նախատեսվել է կուսակցության տարեկան հաշվետվության՝ Հանձնաժողովի պաշտոնական՝ www.cpcarmenia.am կայքում առանձին բաժնում տեղադրելու միջոցով հրապարակելու պահանջ, ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլի 1-ից, իսկ մինչև այդ կուսակցությունների տարեկան հաշվետվությունները պետք է հրապարակվեին www.azdarar.am կայքում:
Այնուամենայնիվ, թափանցիկության սկզբունքը պահպանելու, ինչպես նաև կուսակցությունների կողմից նախորդիվ ներկայացված հաշվետվությունների՝ մեկ միասնական հարթակում արտացոլված լինելու նպատակով Հանձնաժողովը նախաձեռնել է նախորդ տարիներին ներկայացված տարեկան հաշվետվությունների թվայնացման և հրապարակման գործընթաց։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2023 թվականի տարեկան հաշվետվությունը նույնպես ներառված է այդ գործընթացում, սակայն, հաշվետվության ծավալի և տեխնիկական մշակման առանձնահատկությունների պատճառով դեռևս ամբողջությամբ չի թվայնացվել և այդ հանգամանքով էլ պայմանավորված՝ դեռևս կայքում արտացոլված չէ։
Հանձնաժողովը վերահաստատում է, որ բոլոր կուսակցությունների տարեկան հաշվետվությունները թվայնացվում, հրապարակվում են նույն ընթացակարգով և հերթականությամբ։
Միաժամանակ Հանձնաժողովն ընդգծում է, որ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների չներկայացումն առաջացնում է վարչական պատասխանատվություն։ Ավելին՝ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո հաշվետվության չներկայացումը հանգեցնում է կուսակցության գործունեության կասեցման։
Օրենքով սահմանված ժամկետների լրանալուց անմիջապես հետո Հանձնաժողովն ամփոփում է տվյալները և հարուցում համապատասխան վարչական վարույթներ, որոնց արդյունքում ընդունված որոշումները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքի «Վարույթներ» բաժնի «Կուսակցություններ» ենթաբաժնում։ Վերջինիս պարզ ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս տեսնել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2023 թվականի տարեկան հաշվետվության ստուգման արդյունքները, ինչը փաստացի բացառում է հաշվետվության չներկայացման հնարավորությունը։ Ավելին, Հանձնաժողովի տարեկան և կիսամյակային հաղորդումներում ամենայն մանրամասնությամբ հրապարակված են կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացման, դրանց ստուգման արդյունքները:
Հանձնաժողովը հորդորում է լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ Հանձնաժողովի գործունեությանը վերաբերող չճշտված տեղեկատվության հրապարակումից»,- ասված է հաղորդագրությունում։
Կարծիքներ