Արցախում մեկ օրում գրանցվել է 5 վթար, որից մեկը՝ մահվան ելքով
Հանգստյան օրերին (սեպտեմբերի 18-19) Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է 5 ճանապարհատրանսպորտային պատահար, որից մեկը՝ մահվան ելքով, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Սեպտեմբերի 18-ին ԱՀ ոստիկանության 102 հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ղ.-ն (ծնված 1986թ.) կրծքավանդակի ձախ ստորին վերջույթի փափուկ հյուսվածքների սալջարդ, կապաների գերձգումով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Մեկնած ավագ հետաքննիչ Հ. Ղազարյանը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին Ա. Ղազարյանը, վարելով «ՎԱԶ-21013» ավտոմեքենան, ճանապարհից դուրս է եկել դեպի ձախ և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքները:
Նույն օրը պատահար գրանցվել է 14:10-ին՝ Ստեփանակերտ քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 82 տան դիմացի ճանապարհահատվածում: Իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչների` Ն. Ա.-ի (ծնված 1990թ.) վարած «Վոլկսվագեն Գոլֆ» և Ս. Ս.-ի (ծնված 1973թ.) վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները: Վերջինս գլխի գագաթային շրջանի քերծված վերքով շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
☑Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 22:35-ին, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդել են, որ Իվանյան գյուղի կամուրջի մոտակայքում «Տոյոտա Կամրի» ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեկ անձ ստացել է մարմնական վնասվածք:
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:20-ին, ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի 36-րդ կիլոմետրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Կանչի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 11:10-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ Ա. Ս.-ն (ծնված 1995թ.), վարելով «Վոլկսվագեն Վենտո» ավտոմեքենան, նշված ճանապարհահատվածում վազանց կատարելու ժամանակ բախվել է համընթաց ուղղությամբ երթևեկող՝ Ա. Բ.-ի (ծնված 1991թ.) վարած «Վոլկսվագեն Գոլֆ-3» ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս ավտոմեքենան կողաշրջվել է, որի ուղևոր՝ Մ. Թ.-ն (ծնված 1981թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորները՝ ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Վթարի նախնական պատճառ է հանդիսացել «Վոլկսվագեն Վենտո» ավտոմեքենայի վարորդի վազանցի կանոնների խախտելը։
Նույն օրը՝ ժամը 20:30-ին, ԱՀ ոստիկանության մեկ այլ պատահար է գրանցվել Ստեփանակերտ քաղաքի Իսակով փողոցի թիվ 3/43 հասցեում: Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19:50-ի սահմաններում, նշված փողոցում իրար են բախվել Ա. Ա.-ի (ծնված 1990թ.) վարած VAZ 21074 և Մ. Ա.-ի (ծնված 1972թ.) վարած CHEVROLET NIVA ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորներ՝ Լ. Ա.-ն (ծնված 1997թ.) և Տ. Ա.-ն (ծնված 1995թ.) տարբեր մարմնական վնասվածքով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Կարծիքներ