Ընդդիմությունը երրորդ անգամ ևս ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը

Ընդդիմությունը երրորդ անգամ ևս ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը երրորդ անգամ ևս ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը, ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Պատիվ ունեմ»-ը պաշտպանեց թեկնածուին:

Այն բանից հետո, երբ Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկեց առկախել այդ հարցը, անցնել հաջորդ հարցի քննարկմանը՝ հավելելով, որ օրենքն այդ հնարավորությունը տալիս է:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ կանոնակարգ օրենքը չի նախատեսում, թե քանի անգամ չընտրելուց հետո կարելի է անցնել հաջորդ հարցի քննարկմանը: Նա հավելեց՝ վճռականորեն տրամադրված են, որ այդ հարցը լուծեն, նոր անցնեն հաջորդ հարցին:

ԱԺ նախագահ Սիմոնյանն էլ արձագանքեց՝ վճռականությունը կա, սակայն իր առաջարկը բխում է ԱԺ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելուց: Նա հայտնեց, որ մինչև այդ առաջարկն անելը, զրուցել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և Արմեն Ռուստամյանի հետ: Սիմոնյանը հավելեց, որ խորհրդարանական ճգնաժամի լուծումը տեսնում է հաջորդ հարցի քննարկմանն անցնելու ճանապարհով:  

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց, որ եթե 2 անգամ քվեարկություն արած չլինեին, կարող էին Սիմոնյանի առաջարկով առաջ շարժվել, բայց, քանի որ 2 անգամ արել են քվեարկություն, արհեստական է ստացվում, որ հետաձգեն հարցի լուծումը: «Համաձայն եմ, որ կարելի է առավոտյան կամ 2 օր հետո դրան անդրադառնալ: Հասկանում եմ, մենք էլ, դուք էլ հասկանում ենք, որ այդ տեղը վերապահված է ընդդիմությանը: Եթե ուզում ենք գործը առաջ գնա, ԱԺ-ն ձևավորվի մարմիններով, իսկապես քարը փեշից թափեք, քվեարկեք, դուք ունեք այդ ձայների քանակը, մերը սահմանափակ է, դուք ձեր ձայների քանակն ավելացրեք, կոչ արեք, որ նման ձևով չտապալեն քվեարկությունը»,-ասաց Արմեն Ռուստամյանն ու հավելեց, որ ոչ ոքի չի մեղադրում:

Սիմոնյանն ասաց, որ իր առաջարկը եղել է իրենց համաձայնության պարագայում և խոսքը տրամադրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին՝ թեկնածու առաջադրելու համար: Սեյրան Օհանյանը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թափուր պաշտոնի համար կրկին առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտնեց, որ պաշտպանում է «Հայաստան» խմբակցության թեկնածուին և այս անգամ էլ քվեարկելու է Սաղաթելյանի թեկնածության օգտին:

Ի վերջո, որոշվեց քննարկել Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում