Միջազգային գործընկերներն աջակցություն են հայտնել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իրականացմանը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել և միջազգային գործընկերներին է ներկայացրել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իր համակարգման ներքո գտնվող Ռազմավարական հաղորդակցության և Մասնակցային կառավարման ուղղությունները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալեյոն, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը, ՄԱԿ Զարգացման ծրագրի ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Վերներ Թութը, Զարգացման ֆրանսիական գործակալության հայաստանյան ծրագրի պատասխանատու Լիզ Էնեզյանը և միջազգային այլ գործընկերներ:
«Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ գործադիրի նպատակն է նոր ազդակ հաղորդել Հանրային կառավարման բարեփոխումներին, որոնք իրականացվում են նաև միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությամբ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ վեր են հանվել ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման ոլորտներում առկա բացթողումները, խնդիրները. առաջիկա քայլերն ուղղված են լինելու դրանց լուծումների հստակեցմանը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առանձնակի կարևորել է պետական կառավարման համակարգի տեղեկատվական միասնական քաղաքականության մշակումն ու իրականացվող բարեփոխումների հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և միջազգային մյուս գործընկերներն իրենց աջակցությունն են հայտնել Հանրային կառավարման բարեփոխումների, այդ թվում՝ ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Անդրեա Վիկտորինն ընդգծել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է սերտ փոխգործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ ի նպաստ պետական կառավարման արդյունավետության, հանրային հաղորդակցության մակարդակի բարձրացման և վերը նշված ուղղություններով առկա խնդիրների լուծման:
Կարծիքներ