ՌԴ խաղաղապահներն ակցիա իրականացնող արցախցիների հետ հանդիպելու պատրաստակամություն են հայտնել

ՌԴ խաղաղապահներն ակցիա իրականացնող արցախցիների հետ հանդիպելու պատրաստակամություն են հայտնել

Բազմաթիվ արցախցիներ Ստեփանակերտից քայլերթով հասել են օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպման և 2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը կատարելու պահանջով:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ակցիայի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանը նշեց, որ քայլերթը ցույց է տալիս պայքարելու իրենց վճռականությունն ու պահանջատիրությունը: «Մեր ժողովուրդն ընտանիքներով , երեխաներով, այդ հայտարարության համաձայն է մնացել Արցախում: Հիմա փաստացի դրա կետերը խախտվում են: Այդ պատճառով մենք եկել ենք ասելու, որ նույնպես մարդ են, ժողովուրդ ենք և ունենք իրավունքներ: Այս ակցիան ոչ միայն Ռուսաստանին է վերաբերում, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Իրեն դեմոկրատական համարող յուրաքանչյուր պետություն պիտի անմիջապես միջոցառումներ ձեռնարկի և Ալիևին բացատրի, որ ժողովրդի հետ նման կերպ չեն վարվում. այդ ամենը բումերանգի պես հարվածելու է նաև ձեզ»,-նշեց Պետրոսյանը:

Ակցիայի մասնակիցները խաղաղապահ զորակազմի անցակետում փոխանցել են Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու իրենց պահանջը, որից հետո խաղաղապահները հայտնեցին, որ համաձայն են հանդիպել ակցիայի ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում