Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ ենք անում. ՀՔԾ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը մերժելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից այսօր կայացված որոշումը հրապարակվելուց հետո Ալեքսանդր Ազարյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, հայտարարել է. «Ես ՀՔԾ պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ»։
«Նշված հայտարարությանը չէինք անդրադառնա, եթե Ա. Ազարյանի վարքագծում նկատելի չլինեին անհանդուրժողականության և անձնական վիրավորանքի դաշտ տանող կրկնվող դրսևորումներ:
Այսպես,ս.թ. հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում դրսևորելով դատավորին ոչ հարիր վարքագիծ, Ազարյանը հայտարարել էր. «ՀՔԾ պետն ո՞վ է, որ ինչ–որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ»։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ձեռնպահ մնաց դատավորի այս ոչ կոռեկտ, ավելին` էթիկայի տարրական կանոններին չհամապատասխանող արտահայտությանն արձագանքելուց` ակնկալելով, որ հիշյալ հարցի հանգուցալուծումը կիրականացվի իրավական գործիքակազմով, և իրավասու մարմնի կողմից կտրվի օբյեկտիվ իրավական գնահատական: Արդյունքում` Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` մեր համոզմամբ բավարար հիմքերի ակնհայտ առկայության պայմաններում, դատավոր Ալեքսանդր Ազարյանը չենթարկվեց կարգապահական պատասխանատվության, ինչն էլ, թերևս, լրացուցիչ բարենպաստ մթնոլորտ ձևավորեց, որպեսզի հիշյալ սուբյեկտը շարունակի դրսևորել դատավորի բարեվարքության սահմաններից դուրս, ոչ ադեկվատ վարքագիծ: Ի վերջո, անպատժելիությունն Ազարյանին այնքան ոգևորեց, որ այսօր կայացած ԲԴԽ նիստից հետո վերջինս լրագրողների հետ զրույցում կրկին ձեռնպահ չմնաց գործածել իրեն բնորոշ` դատավորի բարեկրթությունը կասկածի տակ առնող բառամթերք:
Վերոգրյալը հաշվի առնելով` դատավոր Ալեքսանդր Ազարյանին կոչ ենք անում ՀՀ հատուկ քննչական ծառայության և նրա ղեկավարին վերաբերող կարծիք հնչեցնելիս դրսևորել առավելագույն հավասարակշռվածություն, կոռեկտություն և զսպվածություն, քանի որ, ինչպես մի առիթով նախկինում արդեն նշել ենք, անհավասարակշիռ, անզուսպ և անձնական վիրավորանքների անցած դատավորը շատ վտանգավոր է արդարադատության համար:
Այս ամենը հաշվի առնելով` լիահույս ենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից պատշաճ գնահատական կտրվի Ազարյանի հայտարարություններին, քանի որ նրա վարքագիծը հիմք է տալիս եզրակացնելու, որ վերջինիս կողմից դատավորի բարեվարքության կանոնները խախտելը սկսել է պարբերական բնույթ կրել, և այդ կանոնները վերստին սերտելու անհրաժեշտությունն ակնհայտ է»,- ասվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ:
Կարծիքներ