Քննարկել ենք նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև ընդլայնվող գործընկերությանն առնչվող հարցեր. Խաչատուրյանը՝ Հունգարիայի նախագահի հետ հանդիպման մասին
Հայաստանի և Հունգարիայի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Կատալին Նովակը Հունգարիայի նախագահի նստավայր՝ Շանդոր պալատում կայացած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Վահագն Խաչատրյանն իր խոսքում ասել է.
«Մեծարգո՛ տիկին նախագահ,
Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ձերդ Գերազանցություն, շնորհակալ եմ այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Այս այցը շարունակությունն է մեր նախորդ ակտիվ շփումների. ես ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա հունիսին Բեռլինում և նոյեմբերին Դուբայում կայացած մեր հանդիպումները: Գոհունակությամբ եմ նշում, որ վերջին շրջանում բարձ մակարդակով փոխայցելություններն ու ակտիվ փոխգործակցությունն արտացոլում են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան, ինչպես նաև մեր օրակարգի հետագա ընդլայնման, և իհարկե, երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման հանձնառությունը։
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօրվա մեր քննարկումների ընթացքում նախագահ Նովակի հետ անդրադարձել ենք Հայաստան-Հունգարիա երկխոսության հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել մասնավորապես՝ տնտեսական, գիտական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժն իրացնելու, հնարավոր ներդրումները խթանելու ուղղությամբ։
Ցանկանում եմ առանձնահատուկ հիշատակել պաշտոնապես՝ որպես ազգային փոքրամասնություն ճանաչված հունգարահայ համայնքը, որը կարևոր դեր է կատարում երկու ժողովուրդների միջև ձևավորված հարաբերություններում, և մշտապես վայելում է Հունգարիայի աջակցությունը՝ իր էթնիկ և կրոնական ինքնության պահպանման հարցում։ Դրա վառ օրինակներից է 2022թ. տարեվերջին Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացումը:
Կարևոր եմ համարում նաև երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորումը և նրանց հետագա հարաբերություններն ու գործընկերությունը: Կարծում եմ, որ միջխորհրդարանական համագործակցությունը հիմք կդառնա ինչպես երկկողմ կապերի հետագա բարելավման, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության համար:
Այսօր մենք քննարկել ենք նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև ընդլայնվող գործընկերությանն առնչվող հարցեր: Վստահություն ենք հայտնել, որ տարածաշրջանում ԵՄ աջակցությամբ իրականացվող՝ խաղաղության հաստատման ու տնտեսական փոխգործակցության խթանման քաղաքականությունը, կունենա իր դրական արդյունքը:
Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերները կիսում են այն նույն մոտեցումը, որ խաղաղության գործընթացը պահանջում է անսասան հանձնառություն և իրական շահագրգռվածություն: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ չնայած բոլոր մարտահրավերներին, Հայաստանը հաստատակամ է շարունակել հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում իր գործնական ներգրավվումը, և աջակցում է այդ ուղղությամբ միջազգային գործընկերների ջանքերին։ Այդուհանդերձ, կայուն ու երկարատև խաղաղության համար առանցքային է բոլոր առկա խնդիրները քաղաքական երկխոսության ճանապարհով լուծելու փոխադարձ պատրաստակամությունը:
Իհարկե, մեզ համար էական նշանակություն ունեն նաև մարդասիրական բնույթի հարցերի կարգավորումը: Այս համատեքստում բարձր ենք գնահատում Հունգարիայի կողմից կատարված ջանքերը:
Մեծարգո՛ տիկին նախագահ,
Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար և վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, գործադրել ջանքերը Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Վստահ եմ, որ այս քննարկումները հիանալի հիմք կհանդիսանան հետագա գործընկերության և համագործակցության համար»:
Կարծիքներ