Երևան-Արմավիր ավտոճանապարհին 4 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի գործը դատարանում է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2022 թվականի նոյեմբերի 3-ին Արմավիր-Երևան ճանապարհին չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին միմյանց էին բախվել 61-ամյա տղամարդու կողմից վարած երթուղային «Գազել» և 46-ամյա տղամարդու կողմից վարած «Զիլ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով Արմավիրի բժշկական կենտրոն բուժօգնության էին տեղափոխվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայի 9 ուղևոր, իսկ 4 ուղևոր մահացել էր։
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պատահարի պատճառները:
Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարhով միջքաղաքային ուղևորափոխադրում իրականացրել է իր վարած տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրով նախատեսված քանակից ավելի՝ առնվազն 26 ուղևորներով:
Նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների արդյունքներով պարզվել է, որ Մրգաշատ գյուղի խաչմերուկից անց՝ դեպի Արմավիր քաղաք տանող ճանապարհահատվածում, վարորդը երթևեկել է թույլատրելի առավելագույն արագությունն էականորեն գերազանցող՝ շուրջ 70,75կմ/ժ արագությամբ:
Ըստ ձեռք բերված ապացուցյների՝ երթևեկության համար վտանգն առաջանալու պահից, այն է՝ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, իր վարած ավտոմեքենայի երթևեկության ուղղությամբ հետադարձի պատրաստվող «Զիլ» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու պահից սկսած, ժամանակին միջոցներ չի ձեռնարկել իր վարած տրանսպորտային միջոցի արագությունն իջեցնելու՝ ընդհուպ մինչև այն կանգնեցնելու ուղղությամբ։ Արդյունքում ավտոմեքենայի ձախակողմյան կողային հատվածներով բախվել է այդ պահին ստատիկ վիճակում գտնվող «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի հետին աջակողմյան հատվածին՝ դրանով իսկ պայմանավորելով ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը և ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից։
Արդյունքում ուղևորներից չորսը ստացել էին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ևս 9 անձ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին բժշկական կենտրոն:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարորդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանք և գրավ:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ