Մենք կայցելենք ձերբակալված բուժառուին հնարավորինս շուտ. Կարմիր խաչն անդրադարձել է Ադրբեջանի նոր սադրանքին
15 բուժառուի հումանիտար տեղափոխության ժամանակ 1 մարդ ձերբակալվել է Ադրբեջանիսահմանապահների կողմից:
Այս մասին հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
«2022թ. դեկտեմբերից, միջազգայնորեն ճանաչված հումանիտար մանդատով, Լաչինի միջանցքով տեղափոխվել է 680 բուժառու։ Աշխատում ենք թափանցիկ, երկու կողմերի հետ համագործակցված և նրանց հետ համաձայնեցված։ Այսպես էր նաև այսօր։
Մենք կայցելենք ձերբակալված բուժառուին հնարավորինս շուտ և կապի մեջ ենք նրա ընտանիքի հետ։ Հորդորում ենք բոլոր որոշում կայացնողներին հարգել այս` բացառապես հումանիտար առաքելությունը»,- ասված է հայտարարության մեջ:
68-ամյա տղամարդու առևանգման մասին Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն էին այսօր ահազանգել։
Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Վագիֆ Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, ու նրան կալանավորելու որոշում կայացվել, նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։
Կարծիքներ