ԱՀԿ-ն եվրոպացիներին խորհուրդ է տալիս սուրբծննդյան տոներին կորոնավիրուսի պատճառով մնալ տանը
Եվրոպայի բնակիչները COVID-19-ի հետ կապված իրավիճակի պատճառով պետք է խուսափեն ավելորդ ճանապարհորդություններից սուրբծննդյան տոներին, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բաժանմունքի ղեկավար Հանս Կլյուգեն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Այստեղ տարբերություն կա այն բանի միջեւ, թե ինչ են ձեզ թույլատրում անել իշխանությունները եւ այն, թե դուք ինչ պետք է անեք»,- մեջբերում է The Guardian-ը հատված Կլյուգեի հայտարարությունից: Սուրբծննդյան տոներին ճանապարհորդելու համար «չարժե ռիսկի դիմել»` COVID-19-ով վարակելու վտանգի պատճառով, ասել է նա:
Միեւնույն ժամանակ, ԱՀԿ-ի ստորաբաժանման ղեկավարը խոստովանել է, որ համավարակը կործանարար վնաս է հասցրել ֆինանսատնտեսական ոլորտում, գործազրկության աճի է հանգեցրել եւ կրճատել է ինքնիրացման հնարավորությունները եւ շատ ընտանիքներ է բաժանել: Մասնավորապես, Կլյուգեն մատնանշել է ինքնամեկուսացման եւ լոքդաունի վտանգը, ինչպես նաեւ սոցիալական խնդիրները բնակչության հոգեկան առողջության համար:
ԱՀԿ եվրոպական գրասենյակը ավելի վաղ նույնպես խորհուրդ էր տվել Սուրբ Ծնունդը եւ Նոր տարին նշել դրսում եւ դիմակ կրել:
ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանը 53 երկիր է ներառում, այդ թվում` Ռուսաստանը եւ Կենտրոնական Ասիայի մի քանի պետություններ: Համավարակի սկզբից այս տարածաշրջանում ավելի քան 22 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրեթե 500 հազար մարդ մահացել է:
Նախօրեին հրապարակվել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ իշխանությունները դեկտեմբերի 27-29-ը սկսելու են բնակչության պատվաստումը կորոնավիրուսի դեմ:
Կարծիքներ