Պետք է խուսափել հումանիտար իրավիճակը վատթարացնող գործողություններից. Զախարովան՝ Արցախի գազամատակարարման մասին
Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում՝ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում առկա իրավիճակով: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մարտի սկզբից արձանագրում ենք հրադադարի պահպանման պարբերական խախտումներ: Ռուսական խաղաղապահ զորակազմն իր պատասխանատվության գոտում համապատասխան միջոցներ է ձեռնարկում՝ կայունության պահպանման և իրադրության կառավարման համար: Այդ ջանքերի շնորհիվ մարտի 13-ից զինված միջադեպեր չեն արձանագրվում»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, Զախարովան նշել է, որ Մոսկվան հանդես է գալիս սահմանազատման և սահմանագծման գործընթացի արագ մեկնարկի օգտին՝ երկկողմ հանձնաժողովի ստեղծմամբ:
«Մենք տեղյակ ենք հումանիտար բարդ իրադրության մասին՝ կապված գազատարի վթարի հետ: Կապի մեջ ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ այդ խնդրի կարգավորման նպատակով: Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է խուսափել քայլերից, որոնք կարող են խնդիրներ ստեղծել բնակիչների, քաղաքացիական անձանց համար և կվատթարացնեն առանց այն էլ բարդ հումանիտար իրավիճակը»,- ընդգծել է պաշտոնյան:
Անդրադառնալով Երևանից և Բաքվից հնչող հայտարարություններին՝ ՌԴ ԱԳՆ խոսնակը ողջունել է կողմերի՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատրաստակամությունը և վերահաստատել Ռուսաստանի համակողմանի աջակցությունը նման բանակցային գործընթացին:
«Ինչ վերաբերում է բանակցությունների, խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետներին, դրա մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է Զախարովան:
Կարծիքներ