Ֆրանսիան այս պահին և ընդմիշտ հայ ժողովրդի կողքին է. Ռիմա Աբդուլ Մալակն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ ՀՀ այցելած Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:
Այս մասին հայտնում են նախարարությունից:
ՖՀ մշակույթի նախարարը շրջել է հուշահամալիրի հիշատակի ծառուղում, որտեղ նախկինում եղևնի է տնկել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Էդիտա Գզոյանը հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի կառուցման պատմությունն ու խորհուրդը: Առանձնակի ներկայացվել է բազալտե հուշապատի վրա հավերժացած Ֆրանց Վերֆելի, Յոհաննես Լեփսիուսի, Անատոլ Ֆրանսի գործունեությունը՝ ընդդեմ հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանության:
Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակությունը շրջել է նաև թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ներկայացված ցուցադրություններին: ՖՀ մշակույթի նախարարն այցի ավարտին գրառում է կատարել թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում՝ մասնավորապես նշելով.
«Պետք է անտարբեր չլինել խնդիրների հանդեպ, որոնց բախվում ենք: Պետք է գործել՝ հիշելով դրանք: Մենք չենք հանդուրժի և չենք մոռանա ոչ մի բացասական եղելություն: Ֆրանսիան այս պահին և ընդմիշտ հայ ժողովրդի կողքին է»:
Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:
Այցերի ընթացքում նախարարներին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍ նախարարության այլ ներկայացուցիչներ:
Կարծիքներ