ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով. խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց ԸՕ փոփոխությունների նախագիծը
Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 82 պատգամավոր: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսաոր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը:
Հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագիծը լրամշակվել է, որոշում է կայացվել օրինագծից հանել COVID-ով պայմանավորված բոլոր կարգավորումները: Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ կորոնավիրուսի կարգավորումների հետ կապված խնդիրներ են տեսնում, և, ըստ նրա, օրենսդիրն ընդառաջ է գնացել:
Նշենք՝ օրինագծով սահմանվում էր կորոնավիրուսային հիվանդության պայմաններում ԱԺ ընտրությունների պատշաճ կազմակերպման և անցկացման հնարավորությունը: Այդ դրույթը հանվել է նախագծից:
Նշենք՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի՝ վերացնելով տարածքային ընտրական ցուցակների միջոցով ընտրությունների անցկացման հնարավորությունը:
Կարծիքներ