ԱԺ-ն ընդունեց «ԱՊՀ մասնակից պետությունների ԶՈՒ կապի համատեղ համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը
Հայաստանը միանում է 2020 թ. մայիսի 29-ին Մոսկվայում կնքված ԱՊՀ զինված ուժերի կապի համատեղ համակարգ ստեղծելու նախաձեռնությանը:
Ազգային ժողովն ընդունեց ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագիրն ընդհանուր առմամբ վերաբերում է զինված ուժերի հեռախոսային կապին և տեսակապին, ապահովելու է անվտանգությունը, մեծանալու է բանակների տեխնիկական հագեցվածությունը: Այն առնչվում է նաև ՀՀ և ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբների փոխգործակցությանը:
Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև:
Փաստաթղթին չեն միացել Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, Մոլդովան և Ադրբեջանը:
Հայաստանը համաձայնագրին միացել է մեկ վերապահումով, ըստ որի՝ մեր երկիրն առանձին որոշում կկայացնի փաստաթղթի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք դրան միացել են 2020 թ. մայիսի 29-ից հետո:
Կարծիքներ