Կարծում եմ՝ նա մեռնում է. Թրամփը հայտարարել է 80-ամյա Բայդենի՝ կրկին առաջադրվելու անհնարինության մասին

Կարծում եմ՝ նա մեռնում է. Թրամփը հայտարարել է 80-ամյա Բայդենի՝ կրկին առաջադրվելու անհնարինության մասին

ԱՄՆ նախկին նախագահ 77-ամյա Դոնալդ Թրամփը պնդում է, որ նախագահ Ջո Բայդենը մեռնում է և չի կարողանա մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, որոնք կանցկացվեն 2024 թվականին։

«Ջո Բայդենը… Ես կարծում եմ, որ նա մահանում է: Անձամբ ես նրան չեմ տեսնում նախագահական մրցավազքում»,- ասել է Թրամփը ամերիկյան ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում:

Ամերիկացի նախկին առաջնորդը կարծում է, որ Բայդենը չի կարողանում ղեկավարել ամերիկյան կառավարությունը, փոխարենը՝ դա անում է իր շրջապատը։

«Երբ ես նայում եմ նրան, տեսնում եմ, որ նրա մարմինը մաշված է, իսկ ուղեղն ավելի է մաշված: Եվ այնուամենայնիվ, նա կարծես ուզում է առաջադրվել»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Associated Press-ին տված հարցազրույցում ասել էր, որ կարող է հիպոթետիկորեն ստանձնել նախագահի պարտականությունները՝ հաշվի առնելով Բայդենի տարիքը։ Այդուհանդերձ, Հարրիսը վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահի հետ «ամեն ինչ լավ է լինելու»:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ամերիկացի ընտրողների ճնշող մեծամասնությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին համարում է «շատ ծեր»՝ երկրորդ ժամկետով վերընտրվելու համար։ Թերթի անցկացրած հարցման համաձայն՝ հարցվածների 73%-ը կարծում է, որ Բայդենը «չափազանց ծեր է» երկրորդ ժամկետի համար առաջադրվելու համար, հարցվածների միայն 36%-ն է կարծում, որ նախագահը «մտավոր պիտանի է» վերընտրվելու համար։ Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին, ով ընդամենը երեք տարով փոքր է Բայդենից և նույնպես մտադիր է առաջադրվել, երկրորդ ժամկետի համար չափազանց ծեր է համարում հարցվածների 47%-ը։

Անցյալ նոյեմբերին Բայդենը դարձավ 80 տարեկան։ Նա հաճախ է հայտնվում անհարմար իրավիճակներում և իր հրապարակային ելույթներում վրիպակներ է թույլ տալիս։ Հանրապետականները դա օգտագործում են կուսակցական պայքարում, որպեսզի կասկածի տակ դնեն պետության ղեկավարի մտավոր և ֆիզիկական կարողությունները՝ շարունակելու ղեկավարել Միացյալ Նահանգները: Ապրիլին Բայդենը հայտարարեց, որ առաջադրվելու է ևս մեկ ժամկետով 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Վերընտրվելու դեպքում նա իր երկրորդ ժամկետը կսկսի 82 տարեկանում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում