Ագրեսիայի դեպքում ոչ մի երկմտանք չի լինի ռուսական միջուկային զենքի կիրառման հարցում. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատճառների մասին և հայտնել, թե որ դեպքում Մինսկը միջուկային զենք կօգտագործի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է БелТА պետական գործակալությունից:
«Ինչո՞ւ է դա (խմբ.՝ ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում) անհրաժեշտ: Որպեսզի ոչ մի սրիկա այլևս ոտք չդնի բելառուսական հող… Աստված չանի, որ ես ստիպված լինեմ այդ զենքը կիրառել ներկա ժամանակներում: Բայց ոչ մի երկմտանք չի լինի, եթե միայն ագրեսիա լինի մեր դեմ»,- հայտարարել է Լուկաշենկոն Մինսկի մարզ կատարած աշխատանքային ուղևորության ժամանակ։
Նա ընդգծել է, որ միջուկային զենքի կիրառման պատճառ կարող է լինել միայն մեկ բան՝ ագրեսիան Բելառուսի դեմ։
«Եվ պատասխանը կլինի անմիջապես: Ես դա արդեն մի քանի անգամ նախապես ասել եմ… Կարծում եմ, որ հազիվ թե որևէ մեկը կցանկանա կռվել մի երկրի դեմ, որը նման զենք ունի: Դա զսպման զենք է», - նշել է Լուկաշենկոն:
Նա նաև հայտարարել է, որ հանրապետությունում ռուսական մարտավարական միջուկային զենքի պլանավորված տեղակայումն իր հրատապ խնդրանքը և պահանջն է եղել Ռուսաստանին՝ երաշխավորելու երկրի անվտանգությունը։
Կարծիքներ