«Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության կարգավորումը Հայաստանում» դասընթաց՝ ՄԿՈւ ոլորտի ներկայացուցիչների համար

«Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության կարգավորումը Հայաստանում» դասընթաց՝ ՄԿՈւ ոլորտի ներկայացուցիչների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է «Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության կարգավորումը Հայաստանում» վերապատրաստման դասընթացի մեկնարկի միջոցառմանը:

Վերապատրաստումն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

Դասընթացի նպատակն Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի ներկայացուցիչներին ծանոթացնել նախկինում ձեռք բերված ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացներին՝ ներկայացնելով միջազգային մոտեցումները, ինչպես նաև գործնական օրինակներ։

Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին հերթական կարևոր ծրագրի՝ դասընթացի մեկնարկի առիթով. «Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը ներկայում բուռն զարգացման, փոփոխությունների և կատարելագործման փուլում է: Եվ այս համատեքստում չափազանց կարևոր են բոլոր այն գործողությունները, որոնք ուղղված են ավելի համակարգելու, կառուցվածքային դարձնելու, աջակցելու կրթության զարգացման համար սահմանված թիրախների իրականացմանը»: Ըստ փոխնախարարի՝ ոչ ֆորմալ կրթության ոլորտում իրականացվող միջոցառումները հնարավորություն են տալիս զարգացնելու շահառուների կարողությունները, ընդլայնելու նրանց հետաքրքրությունների շրջանակը և ստեղծելու մի համակարգ, որը կօգնի հասկանալ առկա ներուժն ու այն իրացնելու հնարավորությունները Հայաստանում:

«Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության կարգավորումը Հայաստանում» դասընթացի արդյունքները կնպաստեն համապատասխան առարկայական ոլորտներում ենթաօրենսդրական դաշտի մշակմանը:

Դասընթացը կտևի մինչև նոյեմբերի 16-ը. այն վարում է դոկտոր Հարրի Սթոլթեն (Գերմանիա), որն ունի շուրջ 33 տարվա փորձառություն ՄԿՈՒ ոլորտում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում