Երևանում անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը

Երևանում անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանում նոյեմբերի 12-ին 4-րդ անգամ անցկացվել է լատինամերիկյան պարերի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Մրցաշարին 33 երկրի 59 պարային զույգեր են մասնակցել: Հայաստանից լավագույն արդյունքը ցույց է տվել Նիկիտա Զեմլյանոյ-Կսենիա Արսենտիեվա պարային զույգը՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Սպորտային պարերի աշխարհի երիտասարդական առաջնությանը հանդես է եկել նաև Էդգար Խաչատրյան -Ալեքսանդրա Կոռնեվա զույգը:

Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նրա խոսքով՝ «ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. զարգացման ռազմավարությամբ», որն առաջիկայում քննարկվելու է Կառավարությունում, տարբեր մարզաձևերի զարգացման ծրագիր է սահմանված.

«Միայն մենապայքարային կամ ուժային մարզաձևերը չէ, որ պետք է զարգացնել, առավել ևս, որ այս գեղեցիկ մարզաձևում արդեն նշանակալի հաջողություններ ունենք: Այս տարի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ունեցել ենք հաղթողներ և մրցանակակիրներ: Սա արվեստի և սպորտի միաձուլում է, կեցվածք, գեղեցկություն և ներդաշնակություն: Այս ամենը հաշվի առնելով՝ նմանօրինակ մարզաձևերին պետք է շատ ուշադիր լինենք: Եթե բրեյք-դանսն արդեն օլիմպիական մարզաձև է, ինչո՞ւ սպորտային-պարահանդեսային պարը ևս չի կարող լինել: Այդ իսկ պատճառով հենց այսօրվանից պետք է փորձենք հետամուտ լինել դրա զարգացմանը մեր երկրում»,- նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նշենք՝ Հայաստանում առաջին անգամ անցկացվել է նաև ակրոբատիկ ռոքնռոլի աշխարհի գավաթի խաղարկությունը, որում ելույթ են ունեցել 7 երկրի 24 զույգեր: Մասնակիցներն իրենց ուժերը չափել են 3 անվանակարգում: Հայաստանը ներկայացուցիչներ է ունեցել բոլոր անվանակարգերում: Մեր երկիրը ներկայացրել են Սեթ Մանուկյան - Սաթենիկ Սարգսյան, Պարգև Նավասարդյան - Էլեն Խաչատրյան և Վահե Սարգսյան -Մանե Օհանյան զույգերը:

Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ Գեորգի Բաբայանի խոսքով՝ առաջնությունն անցկացվել է ամենաբարձր մակարդակով. «Ակրոբատիկ ռոքնռոլի պարագայում նոր ենք մուտք գործում միջազգային ասպարեզ: Հուսանք՝ հետագայում որոշակի առաջխաղացում կունենանք: Ինչ վերաբերում է աշխարհի երիտասարդական առաջնությանը, ապա մրցաշարի անցկացման ու կազմակերպչական առումով ամեն ինչ հիանալի էր: Այս առումով սպասելիքներն ավելին քան արդարացան: Աշխարհի երիտասարդական առաջնությունում մեր պարային զույգից ավելին էինք ակնկալում,սակայն, ցավոք, չկարողացան մեդալ նվաճել: Այս զույգը բավականին նոր է ձևավորվել, զգացվում էր փորձի պակասը, ինչն էլ ազդեց ընդհանուր գնահատականների վրա»,- ասել է Գեորգի Բաբայանը:

Նրա խոսքով՝ աշխարհի երիտասարդական առաջնության անցկացման իրավունքը հեշտ չի տրվել. «Հայաստանում 4-րդ անգամ էինք կազմակերպում նմանօրինակ խոշոր մրցաշար, ինչի անցկացման իրավունքը ստանալն այնքան էլ հեշտ չէ, բայց միջազգային ֆեդերացիան նորից մեզ էր վստահել, իսկ մենք կարողացանք պատվով այն կատարել: Կարծում եմ՝ առողջ ապրելակերպ քարոզելու և սպորտային պարերի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու առումով սա լավ առիթ էր»,- եզրափակել է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում