«Օմիկրոն» շտամով հիվանդացության միջին տարիքը Հայաստանում 47 տարեկանն է

«Օմիկրոն» շտամով հիվանդացության միջին տարիքը Հայաստանում 47 տարեկանն է

«Օմիկրոն» շտամով հիվանդացության միջին տարիքը Հայաստանում 47 տարեկանն է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ հիվանդանոցում գտնվող քաղաքացիների մինչև 80 տոկոսի շրջանում շրջանառվող շտամը հենց «օմիկրոնն» է, հետևաբար, գրանցվող մահերի թվում կան նաև այս շտամով վարակվածներ։ Ըստ նախարարի՝ չպետք է զգոնությունը թուլացնել և թեթև վերաբերվել այս շտամի շրջանառությանը։

«Մենք հասկանում ենք, որ, այո, վարակվածների մեջ հոսպիատալացման տոկոսը ցածր է, բայց եթե ունենում ենք շատ մեծ թվով վարակվածներ, ապա արդեն իսկ հոսպիտալները շատ ծանրաբեռնված ռեժիմով պետք է աշխատեն, որպեսզի հասցնեն»,- հավելեց նա։

Ըստ Ավանեսյանի՝ «օմիկրոնի» պարագայում ախտանշաններն ավելի նման են հարբուխի ախտանշաններին՝ հազ, փռշտոց, նաև ջերմաստիճանի որոշակի բարձրացում։ «Ուստի, եթե ունեք նման ախտանշաններ, միանշանակ արժե թեստավորվել՝ հասկանալու համար կովիդով է վարակված քաղաքացին, թե ոչ։ Իհարկե, մենք նկատում ենք հիվանդացածների շրջանում ծանրության որոշակի թեթևացում։ Ես ձեզ մի օրինակ բերեմ՝ եթե նույն այս թվերը մենք ունենայինք «դելտա» շտամի պարագայում, իսկապես հոսպիտալացման ու համակարգի ծանրաբեռնվածության աստիճանն անհամեմատ ավելի մեծ կլիներ։ Այսօր մեր մահաճակալային ֆոնդը դեռ ամբողջովին ծավալված չէ, մենք ընթացքում ըստ կարիքի կավելացնենք մահճակալներ»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ մինչև 18 տարեկան երեխաներն էլ են հաճախ հիվանդանում «օմիկրոն» շտամով։ «Եվ մեր մանկական բժշկական կենտրոններն այս պահին ամբողջությամբ կարելի է ասել լարված ռեժիմով աշխատում են պացինետներին բժշկական օգնություն տրամադրելու ուղղությամբ։ Այո, մանկական բաժանմունքներն այսօր ծանրաբեռնված են»,- հավելեց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում