Քննչական կոմիտեի քննիչները զարգացնում են հմտությունները ֆինանսական քննության և փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում

Քննչական կոմիտեի քննիչները զարգացնում են հմտությունները ֆինանսական քննության և փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը շարունակում է կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների առանձին քննիչների՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների վարույթներով  և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների շարքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Հերթական՝ թվով 11-րդ վերապատրաստման դասընթացն անցկացվել է ՀՀ Արդարադատության ակադեմիայում։ Դասընթացի թեման էր՝ «Ֆինանսական քննության դերն ու նշանակությունը փողերի լվացման և ֆինանսական բաղադրիչ ունեցող այլ հանցագործությունների վերաբերյալ վարույթներով քննության իրականացման ընթացքում»։

Դասընթացը վարել է ԱՄՆ Homeland Security գործակալությունում երկար տարիներ որպես հատկապես կարևոր գործերով հատուկ գործակալ աշխատած, ԱՄՆ Պաշտպանության Ազգային Համալսարանի NESA կենտրոնի փորձագետ, ԱՄՆ տարբեր հեղինակավոր համալսարաններում և իրավապահ մարմինների վերապատրաստման կենտրոններում վերապատրաստման դասախոսություններով հանդես եկող Վիկտոր Վարդանյանը։ Նրա հետ նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ սույն թվականի օգոստոսին Վաշինգտոնի  Պաշտպանության Ազգային Համալսարանի NESA կենտրոն ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Ռոբերտ Ադիլխանյանի կատարած այցի շրջանակներում։

Վերապատրաստման դասընթացի բացման խոսքում Ռ. Ադիլխանյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների զարգացման ժամանակահատվածում քննիչների արդյունավետ ֆինանսական քննություն իրականացնելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ  հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնման և փողերի լվացման արդյունքում ստացված միջոցների վերադարձման ցուցանիշները պետք է հանդիսանան քննության արդյունավետության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Ռ․ Ադիլխանյանը հայտնել է նաև, որ Քննչական կոմիտեն ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ մտադիր է ընդլայնել համագործակցությունը ԱՄՆ Պաշտպանության Ազգային Համալսարանի NESA կենտրոնի հետ, որի կապակցությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։

Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցուպատասխանի ձևաչափով իրենց հարցերն ուղղել փորձագետին՝ ծանոթանալու համար տվյալ ոլորտի հանցագործությունների քննության ԱՄՆ առաջատար փորձին և առանձնահատկություններին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում