Հայաստան-Սփյուռք երկխոսության նոր ձևաչափ. վերագործարկվել է «Հայերն այսօր» հարթակը
Նոր գործառույթներով ու բովանդակությամբ՝ թարմացվել և վերագործարկվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի սփյուռքի բաժնի «Հայերն այսօր» տեղեկատվական-լրատվական կայքը: Փետրվարի 10-ին Երևանի «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցային համալիրի նիստերի դահլիճում կայացել է տեղեկատվական կայքի նոր տարբերակի շնորհանդեսը:
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնի ղեկավար Լյուսի Վանա Կարապետյանի խոսքով պահպանելով «Հայերն այսօր» լրատվական հարթակի ձևաչափն ու անունը, տարաբնույթ բովանդակություն ու նոր շունչ հաղորդվել կայքին:
«Լիովին նոր՝ քառալեզու կայքում՝ արևելահայերենին զուգահեռ՝ ավելացրել ենք նաև արևմտահայերենը՝ կարևորելով նրա պահպանումը: Մեր հարթակում Հայաստանն ու Սփյուռքը կարող են երկխոսել միմյանց հետ, միշտ տեղեկացված լինել միմյանց մասին և կապ հաստատել»,-նշեց Կարապետյանը:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ համոզմունք հայտնեց, որ «Հայերն այսօր» լրատվակայքը՝ թարմացված տարբերակով շարունակելու է առավել արդյունավետորեն ծառայել Հայրենիք-Սփյուռք կապերի ու երկխոսության ամրապնդմանը:
Կարևորելով Սփյուռքի դերը ժամանակի մարտահրավերների համատեքստում՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ օբյեկտիվ տեղեկատվության միջոցով ամուր կապի ստեղծումը ներկայում անհրաժեշտություն է:
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն իր խոսքում վստահեցրեց, որ «Հայերն այսօր» հարթակի տեղեկատվությունը ծառայելու է գերատեսչության կրթագիտական միջնաժամկետ ծրագրերում Սփյուռքի ներուժն ընդգրկելու գործին:
Ներկայացնելով կայքի վերաթարմացված տարբերակը՝ Սփյուռքի բաժնի ղեկավարի տեղակալ Վիտալի Գրիգորյանը տեղեկացրեց, որ Հայերն այսօր»-ը՝ իր 6 բաժիններով և 8 ենթաբաժիններով պատմելու է Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի կյանքի, Հայաստանի գրավչությունների, հաջողակ ու հայտնի դեմքերի, ինչպես նաև հայրենադարձության հնարավորությունների ու խնդիրների մասին:
Կայքի թարմացված տարբերակի շնորհանդեսին ներկա էին նաև պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Սփյուռքի կառույցների ներկայացուցիչներ, հոգևորականներ, ինչպես նաև հայրենադարձներ:
Կարծիքներ