Այգեստանում կրակոցներ արձակած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է (տեսանյութ)
Մարտի 26-ին, ժամը 05.08-ից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ Այգեստանի 9-րդ փողոցում կրակոցի ձայներ են լսվում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանության ավագը հայտնել էր, որ նկատել է դեպի Ալեք Մանուկյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ շարժվող ինքնաձիգով զինված քաղաքացու։ Ոստիկանը, չլինելով ծառայության մեջ, հետապնդել է նրան, ապա կանգնեցնել ու սկսել է բանակցել։ Արդյունքում տղամարդն ինքնաձիգը ոստիկանին է հանձնել։
Դեպքի վայր մոտեցած պարեկները վերցրել են ինքնաձիգը և 30-ամյա տղամարդուն բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Բաժնում պարզվել է, որ 30-ամյա տղամարդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել։
Այգեստանի 9-րդ փողոցի՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի 8 պարկուճ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով և կրակոցների հետևանքով վնասված «Մերսեդես» մակնիշի մեքենա: Տղամարդուց վերցված ինքնաձիգը լիցքավորված էր 7,62 մմ տրամաչափի 11 փամփուշտով: Նրա մոտ հայտնաբերվել է նաև ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 29 փամփուշտով:
30-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ