ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց Շուշիի եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում հրապարակվել է «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դեմ Ադրբեջանի կողմից թիրախային հարձակումները՝ որպես պատերազմական հանցագործություն և հանցագործություն մարդկության դեմ» արտահերթ զեկույցը անգլերենով:
Զեկույցում ներկայացվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նպատակային խոցման փաստերը և դրանց վերլուծությունը միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի համատեքստում:
Ներկայացված փաստերը հիմնավոր կերպով ապացուցում են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական վայրագությունները ուղեկցվում են Արցախի տարածքում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության դեմ դիտավորյալ հարձակումներով:
2020 թ. հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերը հարվածային և ճշգրիտ կառավարվող անօդաչու թռչող սարքերով մի քանի ժամվա ընթացքում երկու անգամ թիրախավորված հարվածներ են հասցրել Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, որը Արցախի նշանավոր մշակութային և հոգևոր խորհրդանիշներից է: Ադրբեջանի այս քայլը այդ երկրում իրականացվող հայատյացության և էթնիկ զտման պետական քաղաքականության մաս է կազմում: Այն նաև հայկական ծագմամբ քրիստոնեական ժառանգության նկատմամբ շարունակական ծայրահեղ անարգանքի դրսևորում է:
Կարծիքներ