Մակրոնը մտադիր է մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ներկա գտնվել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Այս մասին ուրբաթ հայտնել է երկրի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ռոքսանա Մարասինյանուն, փոխանցում է Reuters-ը։
«Հանրապետության նախագահը կմասնակցի բացման արարողությանը։ Մենք պետք է ներկա գտնվենք միջոցառմանը, որպեսզի ընդունենք Օլիմպիական կրակը՝ 2024 թվականին խաղերը Փարիզում անցկացնելու համար», - ասել է նա:
Նախարարը նաև պատմել է, որ մարզիկներն ակտիվորեն պատրաստվում են առաջիկա մրցումներին և կառավարությունը նրանց առաջարկում է համակողմանի աջակցություն, այդ թվում՝ պատվաստումների հարցում: Ֆրանսիայի սպորտի նախարարի խոսքով՝ Օլիմպիական խաղերին մասնակցող գրեթե բոլոր մարզիկներն արդեն պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։
Տոկիոյում Օլիմպիադան պետք Է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին և կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ COVID-19-ի ֆոնին Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշել էր միջոցառումն անցկացնել առանց օտարերկրյա հանդիսատեսի: Ճապոնիայի իշխանությունները մտադիր են վերադարձնել օտարերկրացիների գնած տոմսերի գումարը:
Կարծիքներ