Իսպանիայում «գտել» են շոգի դեմ պայքարելու միջոցը
Այս ամառ Իսպանիայում ջերմային ալիքը նոր ռեկորդներ է գրանցում, իսկ էլեկտրաէներգիայի բարձր գները մարդկանց դրդում են զովանալու այլ ուղիներ գտնել:
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ին։
Իսպանիայում էլեկտրաէներգիայի արժեքը ֆիքսված չէ և տատանվում է՝ կախված օրվա ժամից, սեզոնից և երկրի էներգետիկ իրավիճակից, ուստի, բնակիչներից շատերը, նախքան էլեկտրական սարքեր միացնելն, առաջնորդվում են գների գծապատկերով:
Նրանք հիմնականում օդորակիչները միացնում են ժամը 14:00-17:00-ն. այդ ժամերին էլեկտրաէներգիան ամենաէժանն է։ Համեմատության համար նշենք, որ ամենաթանկ ժամերին, որոնք սովորաբար ներառում են 11:00-14:00 և 18:00-22:00-ն ընկած ժամանակահատվածը, էլեկտրաէներգիայի միջին թանկացումը կազմում է 30-45%: Ամսվա վերջին հաշիվները կարող են «կործանարար» լինել, ուստի, «ճիշտ ժամերի» իմացությունը զգալիորեն նվազեցնում է մարդկանց ծախսերը:
Այնուամենայնիվ, շատ իսպանացիներ ստիպված են դիմել գոյատևման ավելի օրիգինալ մեթոդների. տեղացիները խորհուրդ են տալիս օդափոխիչի առաջ դնել մի թաս՝ մի քիչ ջրով և սառցաբեկորներով, մոտ քսան-երեսուն սանտիմետր հեռավորության վրա, և ժամանակ առ ժամանակ թարմացնել սառույցը։ Այս պարզ մեթոդը սառեցնում է սենյակում շրջանառվող օդը և ապահովում խոնավությունը:
Այս շաբաթ Իսպանիայի գրեթե ամբողջ տարածքում անոմալ շոգ է սահմանվել՝ երբեմն հասնելով 44 աստիճանի։ Կանխատեսվող ջերմաստիճանները համեմատելով 1991-ից 2020 թվականների ընթացքում գրանցված տվյալների հետ՝ կարելի է տեսնել, որ ընթացիկ ջերմաստիճանները Իսպանիայում տարվա այս եղանակի համար ամենաբարձրն են:
Իսպանացիներն անհանգստացած են նաև երաշտի պատճառով, որն առաջացել է ինչպես բարձր ջերմաստիճանի, այնպես էլ ամբողջ երկրում անձրևների բացակայության պատճառով: Մի շարք շրջանների, հիմնականում՝ Պիրենեյան թերակղզու հարավային հատվածի բնակիչները տառապում են ջրի պակասից։ Անդալուզիայի և Կատալոնիայի որոշ համայնքներում այգիներ ջրելը սահմանափակվում է շաբաթական մեկ անգամով: Փողոցներում լողավազաններ լցնելն ու մեքենաներ լվանալն արգելված է։ Բացի այդ, բացառվում է փողոցների լվացումը խմելու ջրով, արգելվում է նաև հասարակական ցնցուղների և շատրվանների օգտագործումը։
Կարծիքներ