«Ալթունյան» անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայի քաղաքներում
Ֆրանսիական «S.A.S. SPECTACLES DE TOUS PAYS» կազմակերպության հրավերով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի «Ալթունյան» պետական անսամբլը բացառիկ հյուրախաղերով հանդես կգա Ֆրանսիայի մի շարք քաղաքներում: Ծրագիրն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ:
Հյուրախաղերը մեկնարկում են փետրվարի 28-ին և կշարունակվեն մինչև մարտի 29-ը: Շրջագայության ընթացքում տեղի կունենա 23 համերգ, հանդիսատեսին կներկայացվեն հայկական ժողովրդական երգն ու պարը, ազգային նվագարաններն ու տարազները։
Նշենք, որ «Ալթունյան» անսամբլը վերջերս է նշել ստեղծման հոբելյանը՝ 85-ամյակը: Այն հիմնադրվել է 1938 թվականի մարտի 5-ին՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ խմբավար Թաթուլ Ալթունյանի կողմից: Համահիմնադիրներն են կոմպոզիտոր Ալեքսանդր Ալեքսանդրյանը և պարուսույց Էդվարդ Մանուկյանը:
Անսամբլն ի սկզբանե կոչվել է «Ժողովրդական երգի-պարի անսամբլ»: Թաթուլ Ալթունյանը, Հայաստանի տարբեր շրջաններից հավաքելով ժողովրդական երգն ու պարը, մաքրել հղկել, համերգային, բեմական կյանք է պարգևել ու վերադարձրել ժողովրդին:
Ստեղծագործական երկար տարիների ընթացքում համույթի ղեկավարությունը ստանձնել են մարդիկ, որոնք նորացնելով երգի-պարի անսամբլը՝ պահպանել են ալթունյանական մշակութային ժառանգությունը, անսամբլի ազգային դիմագիծը՝ համերգային ծրագրի մեջ ներգրավելով երաժշտական թատերականացված, էպիկական շնչով համարներ:
Անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում։
Կարծիքներ