Մեր համակարգն անցնում է հերթական մահճակալների ծավալմանը․ նախարար

Մեր համակարգն անցնում է հերթական մահճակալների ծավալմանը․ նախարար

Միջոցներ են ձեռնարկվում՝ կորոնավիրուսի հերթական ալիքին պատշաճ դիմակայելու համար, քանի որ թվերն առաջիկա շաբաթվա ընթացքում դեռ աճելու են։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շարունակում է ծավալվել կորոնավիրուսի համավարակը, ինչը մեզ համար այնքան էլ անսպասելի չէր։ Օրական դեպքեի թիվն աճում է, որը «օմիկրոն» շտամով է պայմանավորված, այսօր մենք 4388 դեպք ենք ունեցել։ Եվ ուզում եմ ընդգծել, որ այս պահի դրությամբ ունենք հոսպիտալացված 1543 քաղաքացի։ Հոսպիտալացված քաղաքացիներից 256-ը կամ 16․6 տոկոսն են պատվաստված։ Այսինքն՝ ակնհայտ է պատվաստման էական ազդեցությունը պրոցեսների վրա։ Եվ մենք հիմա պատրաստվում ենք այս ալիքին, որն ըստ ամենայնի դեռ կաճի, առաջիկա առնվազն մեկ շաբաթվա ընթացքում մենք թվերի շարունակական աճ ենք կանխատեսում, ունենք որոշակի ալգորիթմներ։ Հույս ունենք, որ մեր կանխատեսած նշաձողերից ավելի բարձր չեն լինի թվերը։ Եվ մենք հիմա միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի պաշտաճ ձևով դիմակայենք այդ ալիքին»,- ասաց Փաշինյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ օրական գրանցվող դրական դեպքերի 4 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման։ «Եվ մեր համակարգն ըստ նախագծված պլանի՝ անցնում է հերթական մահճակալների ծավալմանը։ Համակարգն այս պահին էլ լարված ռեժիմով է աշխատում՝ պատշաճ կերպով կազմակերպելու մեր բնակչության թե կանխարգելումը, թե բժշկական օգնության տրամադրումը։ Շարունակվում են պատվաստումները, ուղղակի այս պահին, քանի որ մեծաթիվ են հիվանդացածները, նրանց պատվաստումները մի փոքր հետաձգվում է, քանի որ հիվանդանալու պահից երեք ամիսը պետք է անցնի։ Այս պահին ունենք առաջին դեղաչափն ստացած քաղաքացիների 46․3 տոկոս և ամբողջական պատվաստում է ստացել բնակչության 37 տոկոսը, խոսքը 18 տարին լրացած քաղաքացիների մասին է»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում