Մայիսի 3-ին և 5-ին Մարզահամերգային համալիրում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը
Երևանում կայանալիք ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլից առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել մրցաշարի կիսաեզրափակիչների վիճակահանությունը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) տղամարդկանց ֆուտբոլի բաժնի ղեկավար Լանս Քելլին, ՀՖՖ գործկոմի անդամներ, ՈՒԵՖԱ-ի այլ ներկայացուցիչներ։
Վիճակահանության արդյունքում ձևավորվել են կիսաեզրափակչի հետևյալ զույգերը՝
«Պալմա Ֆուտզալ» – «Բենֆիկա»
«Բարսելոնա» - «Սպորտինգ»
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ ակումբային ֆուտզալի ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ փուլը հյուրընկալելը ևս մեկ անգամ հանրահռչակում է մեր երկիր:
«Սա մեծամասշտաբ մարզական միջոցառում է։ Նմանօրինակ հեղինակավոր մրցաշարի եզրափակիչն ընդունելը պատիվ է ցանկացած երկրի, այդ թվում՝ մեզ համար։ Հայաստանի կառավարությունն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ջանք չեն խնայում՝ մեր երկրում մարզաձևի զարգացման համար, իսկ Հայաստանի հավաքականը շատ հաջող է հանդես գալիս և տեղ է գտել Եվրոպայի 20 լավագույն հավաքականների վարկանիշային ցանկում։ Ֆուտզալը մեծ մասսայականություն վայելող մարզաձև է և ունի երկրպագուների մեծ բանակ։Վստահ եմ՝ պատվով կհյուրընկալենք ու կանցկացնենք այս մրցաշարը։ Ակնկալում ենք մեծ թվով երկրպագուների ժամանում մեր երկիր, ինչը շատ ուրախալի է, քանի որ դա անմիջապես անդրադառնում է զբոսաշրջության վրա՝ ապահովելով մարդկանց մեծ հոսք մեր երկիր»,- ասում է Կարեն Գիլոյանը:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընդգծել է՝ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալել եվրոպական ֆուտզալի ուժեղագույն ներկայացուցիչներին մրցաշարի այս կարևորագույն փուլի շրջանակում․ «Կանենք առավելագույնը, որպեսզի այս մեծ իրադարձությունը հիշարժան դառնա։ Հայաստանի կառավարությունն ու Հայատանի ֆուտբոլի ֆեդերացիան ներդնում են բոլոր ջանքերը՝ մրցաշարը լավագույնս անցկացնելու համար։ Վստահ ենք՝ այդ ջանքերը տեսանելի կլինեն ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ ֆուտզալի մեծ ընտանիքի համար։ Մասնակից բոլոր 4 թիմերին մաղթում եմ հաջողություն»։
ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ Լանս Քելին փոխանցել է կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինի շնորհակալական խոսքը՝ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամության համար․ «Լավ հիշողություններ են պահպանվել 2019 թվականին Երևանում անցկացված ՈՒԵՖԱ-ի Մ19 տարեկանների Եվրոպայի առաջնությունից։ Երևանյան հիշողությունները շատ ջերմ են։ Վստահ եմ՝ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը ևս լավագույնս կանցկացնեք։ Հույս ունեմ՝ հազարավոր երկրպագուներ մայիսին կժամանեն Երևան, և ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչն իսկական տոնի կվերածվի»,- ասել է Քելին ու ընդգծել՝ Հայաստանում ֆուտզալի զարգացման մեծ հեռանկարներ և ներուժ կա։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն ավելի վաղ շուրջ 280 մլն դրամ էր հատկացրել Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով: Այդ գումարով նախատեսվում է ձեռք բերել ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան բարձրակարգ ցուցատախտակ, որից հետագայում կկարողանան օգտվել մեր բոլոր մարզաձևերի ներկայացուցիչները՝ միջազգային մրցաշար անցկացնելու ժամանակ։ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նաև համապատասխան բարեկարգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել՝ հատկապես լուսային հատվածի և հանդերձարանների մասով:
Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները կկայանան մայիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ժամը 18։00-ին կկայանա «Պալմա Ֆուտզալ» – «Բենֆիկա», իսկ ժամը 21։00-ին՝ «Բարսա» - «Սպորտինգ» հանդիպումը։ Երրորդ տեղի և եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան մայիսի 5-ին։
Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի տոմսերի վաճառքը ՀՖՖ պաշտոնական կայքում կմեկնարկի մարտի 25-ից։
Կարծիքներ