«Մերօրյա հերոսները». Կիմ Խաչատրյան
«Մերօրյա հերոսները». Կիմ Խաչատրյան
Հանուն հայրենիքի կյանքը զոհած մերօրյա հերոսներին պետք է ճանաչել անուն առ անուն։ Կիմ Խաչատրյանը՝ լուսանկարի տղան, ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող էր: Մերօրյա հերոսի կողմից հնչեցված խոսքերն ընկերները նրա մահից հետո հաճախ են կրկնում՝ ավելի զգալով դրանց խորությունը. «Բախտը մեկն է զինվորի՝ կամ մահ, կամ ազատություն»:
«Շատ դժվար է Կիմի մասին խոսել անցյալով։ Մեր Կիմը յուրահատուկ, մեծատառով մարդ էր։ Իր պես հայրենասեր, բարի, անկեղծ, պարզ ու արդար մարդիկ քիչ են»,- պատմում է համակուրսեցին՝ Մանոն Գևորգյանը՝ շարունակելով, որ Կիմը յուրահատուկ արժեհամակարգի տեր էր, ազգային արժեքներին ու գաղափարներին նվիրված։
Հենց այդ գաղափարներին էլ հավատարիմ մնալով հոկտեմբերի 12-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության իր ընկերների հետ մեկնեց ռազմաճակատ։
«Մեկնեցին բոլորով, բայց վերադարձան առանց Կիմի»,-ընդգծում է ԵՊԲՀ սովորողը։
Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողը հայրենասեր լինելուց բացի նաև շատ ընկերասեր էր, հաճախ էր ամբողջ խմբին հրավիրում իր ծննդավայր Արենի՝ գինի խմելու, տեսարժան վայրերը տեսնելու։
Կուրսընկերները Կիմի հրավերն անպատասխան չեն թողնելու։ Խմբով, չնայած նրան, որ արդեն ավարտել են, որոշել են ու խոստացել, որ գնալու են Արենի՝ Կիմի հիշատակի համար գինի խմելու։
«Մեր Կիմը լուսավոր էր։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր բիոէթիկայի դասի ընթացքում երգում Գետաշենը, իրեն բնորոշ ռազմահայրենասիրական ոգով։ Շատ լավ հումորի զգացում ուներ, հիշում եմ՝ ինչպես մի անգամ առանց գլխարկի պատիվ տվեց, մենք էլ ասեցիք, որ դատարկ գլխին պատիվ չեն տալիս, ինչին Կիմը պատասխանեց «ինչի է դատարկ՝ մեջը լիքը խելք կա»»,- հիշում է Մանոնը։
Նա վստահ է, որ ավել բան ասել պետք չէ. լուսանկարներին նայելով շատ բան կարելի է նկատել հերոսի աչքերում և հայացքում։
Երիտասարդ մարտիկը ծնվել էր 1995թ. մարտի 17-ին՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում: 2001-2012 թթ. սովորել է Արենիի միջնակարգ դպրոցում։ 2013-2015թթ. ծառայել ՀՀ զինված ուժերում (Մեղրիում)։ Նպատակ ուներ ուսումն ավարտելուց հետո մասնագիտական գործունեություն ծավալել հայրենի գյուղում, հիմնել ատամնաբուժարան։
Կիմ Խաչատրյանը տևական ժամանակ եղել է առաջնագծում, զոհվել է հոկտեմբերի 31-ին։
Կարծիքներ