Գերմանիայում «գորշ գայլերը» մահով են սպառնում հայերին
Վերջին ժամանակաշրջանում թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման անդամները անվտանգության սպառնալիք են դարձել Եվրոպայի համար։ Այս մասին գրում է քրդական «ANF News» լրատվական կայքը, փոխանցում է ermenihaber-ը:
Դեռևս նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես որոշեց երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։ Դրա պատճառը հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Դիժոն քաղաքում «Գորշ գայլերի» կազմակերպած քայլերթն էր, որի ընթացքում հայերի դեմ բռնության և ատելության կոչեր էին հնչեցրել։
Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերից հետո Գերմանիայում ընդդիմադիր և իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բազմաթիվ նախաձեռնություններով հանդես եկան՝ արգելելու այդ կազմակերպության գործունեությունը։ Մասնավորապես նոյեմբերի 19-ին Բունդեսթագում ընդունվեց օրինագիծ։ Այդ օրինագծում դաշնային կառավարությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել Եվրոպայում «Գորշ գայլերի» ազգայնամոլական շարժման ազդեցությունը ճնշելու ուղղությամբ, հետևել Գերմանիայում նրանց գործունեությանը, ուսումնասիրել կազմակերպությունների արգելման հիմքերը, իրազեկել հանրությանը և հաստատություններին այդ շարժման թիրախների վերաբերյալ և օգտագործել իրավական բոլոր հնարավորությունները ծայրահեղականների քարոզչությանը հակազդելու համար:
Չնայած եվրոպական երկրներում ձեռնարկված այդ միջոցներին, թուրք ծայրահեղականները վերջին օրերին, մասնավորապես, Գերմանիայում բնակվող հայերին սպառնալիք պարունակող բազմաթիվ նամակներ են ուղարկում:
Գերմանական «Die Welt» թերթի հաղորդմամբ՝ ամենից շատ հայերին ուղղված սպառնալիքներ են հնչեցվել Գերմանիայի Հանաու, Օսնաբրյուկ և Համբուրգ քաղաքներում։ Թերթը նաև նշում է, որ նույնաբովանդակ նամակների զգալի աճ է նկատվել արցախյան երկրորդ պատերազմից հետո:
Գերմանաբնակ հայ փաստաբան Իլիաս Ույարը «Die Welt» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Քյոլնում և Բեռլինում ապրող հայերին նույն հեռախոսահամարից զանգահարելով՝ մահով են սպառնում:
Այս միջադեպերի կապակցությամբ Գերմանահայոց առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը նամակով դիմել է Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային նահանգի ներքին հարցերով պատասխանատու Հերբերտ Ռոյլին՝ ներկայացնելով այդ երկրում ապրող հայերի մտահոգությունները:
Եպիսկոպոս Իսախանյանը նամակում ուշադրություն է հրավիրել թուրք ծայրահեղականների մեկնարկած արշավներին:
Քրդական լրատվական կայքը նաև նշել է, որ տարիներով Եվրոպան աչք փակելով թուրք ազգայնականների գործողություններին, վերջապես վերջին մեկ ամսվա ընթացքում քայլեր է ձեռնարկում այս խմբերի գործունեությունն արգելելու համար:
Կարծիքներ