Թուրքիան պատրաստ է ԱՄԷ-ի հետ տիեզերական արդյունաբերության ոլորտում սերտ համագործակցության. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դուբայում «Էքսպո 2020» ցուցահանդեսի ժամանակ հանդիպել է ԱՄԷ երիտասարդության մի խումբ ներկայացուցիչների հետ:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանը ԱՄԷ-ում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է սերտ համագործակցության Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ բոլոր ոլորտներում, հատկապես՝ տիեզերական արդյունաբերության և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։
Թուրքիայի ղեկավարն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի ազգային տիեզերական ծրագրի իրականացման վրա, որի շրջանակներում գալիք տարում նախատեսվում է տեղական հրթիռի արձակում դեպի Լուսին։
«Երկրի արբանյակի վրա կոշտ վայրէջքի համար թուրքական ապարատի գործարկումը նախատեսված է 2023 թվականին Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ։ Մենք նաև ուշադիր հետևում ենք Էմիրությունների առաջընթացին տիեզերքում, ներառյալ Էմիրությունների Ալ-Ամալ (Հույս) տիեզերական կայանի արձակմանը Մարսի ուղեծիր: Այս կայանը գտնվում է Մարսի ուղեծրում մեկ տարուց ավելի և իրականում մեր ընդհանուր հույսի դրսեւորումն է»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ տիեզերական գործակալությունների միջեւ փորձի փոխանակումը կբխի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Էմիրությունների շահերից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Թուրքիայի նախագահի պաշտոնական այցի ծրագրում նախատեսված էր այց Աբու Դաբի և Դուբայ։ Կողմերի միջև ստորագրվել է 12 փաստաթուղթ։ Էրդողանը «Դուբայ Էքսպո» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում մասնակցել է Թուրքիայի ազգային օրվա միջոցառումներին։
Կարծիքներ