Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը
Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը:
«Երևի չափազանցություն չի լինի նշել, որ այս փաստաթուղթը մեր պետության կարևոր փաստաթղթերի ամենակարևոր հնգյակում է. նույնիսկ՝ Սահմանադրությունից հետո»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
Նա նշեց, որ փաստաթուղթը 3 տարվա աշխատանքի արդյունք է, և ռազմավարության մեջ շատ օբյեկտիվ ախտորոշված են ամբողջ կառավարման համակարգի խնդիրները և ախտորոշման հետ տրված են բոլոր հնարավոր լուծումները՝ մի քանի փուլով:
Նախարարը տեղեկացրեց, որ, ըստ ռազմավարության, աշխատանքը հիմնական 4 ուղղություններով է լինելու:
«Առաջին բլոկը լինելու են հանրային ծառայությունները: Արդեն իսկ հատվածական տեղի են ունեցել հանրային ծառայությունների բարելավումներ մեր երկրում. տարբեր կառույցներ, տարբեր նախարարութուններ ստեղծել են միասնական որոշակի գրասենյակներ, կառույցներ, որոնք բարելավել են ծառայությունների որակը»,- ասաց նա:
Մյուս խնդիրը, ըստ Անդրեասյանի, մարդկային ռեսուրսներն են:
«Եղել են դեպքեր, երբ բարեկամներին, ազգականներին մտցրել են համակարգ, և ստեղծվել է քաղծառայության համակարգ, որը բավարար չափով չի խրախուսում, չի ներգրավում, չի կատարելագործում այն կադրերին, որոնք պետք են աշխատանքների իրականացման համար»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ ռազմավարությունը հստակ տալիս է լուծումները, թե ինչպես պարգևատրել արժանավորներին, ինչպես հետաքրքիր դարձնել պետական ծառայությունը մասնավորի հետ մրցակցության պարագայում:
Երրորդ հենասյունը, որի վրա կառուցված է ռազմավարությունը, ինստիտուցիոնալ արդիականացումն է:
«Քաղաքական գործիչը կամ պաշտոնյան, նշանակվելով քաղաքական պաշտոնի, ունենում է բարի, լավ ցանկություններ, ուզում է իրականացնել լավ գործեր, բայց ինստիտուցիոնալ համակարգը ոչ միայն չի օգնում, այլև տեղ-տեղ միջին ու ստորին օղակներում նույնիսկ սկսում է խոչընդոտել»,- նշեց նա:
Վերջինը, ըստ նախարարի, քաղաքականության ռազմավարական պլանավորումն է:
«Մենք մի քանի տարի է՝ գնում ենք այդ ճանապարհով, որ հնարավորինս այսրոպեական չլինեն որոշումները, լինեն ռազմավարությունների մաս, բայց դա էլ համակարգման և կատարելագործման կարիք ունի»,- նշեց Կարեն Անդրեասյանը:
«Երեք տարվա ընթացքում փորձել ենք վերլուծել պետական մեքենայի աշխատանքը և արձանագրել ենք, որ այդ մեքենայի մեջ կան ավելորդ և պակասող դետալներ, և այդ մեքենան ժամանակակից պահանջներին չի համապատասխանում, այն անհարմար է և՛ վարողների, և՛ ուղևորների համար, երբեմն ավել է բենզին ծախսում՝ չբացելով բավարար արագություն, երբեմն արգելակները չեն պահում, շրջադարձների վրա ենք խնդիրներ ունենում, և այսպես շարունակ»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ մեզ պետք է ունենալ որակյալ հանրային ծառայություններ և «ճանապարհ»՝ ռազմավարությունների տեսքով, որով «ուղևորներին կարելի է հարմարավետ ձևով տեղ հասցնել»:
«Երբ ասում ենք հանրային կառավարման բարեփոխումներ, նկատի ենք ունենում հետևյալը. որ քաղաքացիների համար կյանքը ավելի հարմարավետ դարձնելու մեխանիզմն աշխատի առավել արդյունավետ: Սա շատ մեծ, ծավալուն աշխատանք է, և ես համոզված եմ, որ այդ ծավալուն աշխատանքը մենք հետևողականորեն կանենք»,- ասաց վարչապետը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ ռազմավարությունը միայն պետական մեքենայի լավարկման մասին չէ, որովհետև դա ուղղակի ազդեցություն ունի տնտեսության վրա, սոցիալական ոլորտում և ամենալուրջ ազդեցությունն ունի հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի համար:
«Այս ռազմավարության հանրային կարևորությունը շատ մեծ է. այն խարսխային է պետության աշխատանքի համար»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը:
Կարծիքներ