Փրկարար ծառայությունը և «Բժիշկներ առանց սահմանների» միությունը նախատեսում են ընդլայնել համագործակցությունը
ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը հունիսի 15-ին, հյուրընկալել է «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, ՓԾ տնօրենի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացրած ծրագրերը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես, շեշտադրվել են բժշկական և հոգեբանական ուղղությունները:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ հյուրերն այցելել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, Բժշկական ապահովման վարչություն և Հոգեբանական աջակցության բաժին, ծանոթացել ստորաբաժանումների կառուցվածքին, գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու նրանց կողմից իրականացվող գործառույթներին:
«Սա շատ լավ առիթ է կարիքների գնահատման համար, քանի որ մենք մինչև տարեվերջ Ժնևում գտնվող մեր գլխամասին պետք է ներկայացնենք իրականացվելիք ծրագրերի փաթեթը, որում կներառվեն նաև կոնկրետ առաջարկություններ և առկա խնդիրները»,- նշել է միության հայաստանյան առաքելության տնօրեն, բժիշկ Ֆրանկինգ Ֆրիաս Դիազը:
Հանդիպման ավարտին ՓԾ տնօրենի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցությունն առաջիկայում ավելի կընդլայնվի: Հյուրերն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ տպավորված են ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքով:
Կարծիքներ